Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի իր ելույթում անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին, ավելի ճիշտ՝ նրա ելույթի զգալի մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին:
«Մեր արտաքին քաղաքականության և ընդհանրապես քաղաքականության հիմնական հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ցավոք, այդ խնդրի լուծման համար լուրջ տեղաշարժ չկա», - ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, ասել է Ալիևը և մեղադրել Հայաստանին:
Նրա խոսքով՝ առաջընթացի բացակայության պատճառը Հայաստանն է, որը «խաղաղություն չի ցանկանում, այլ ցանկանում է պահպանել ստատուս քվոն, չի ցանկանում լքել գրաված տարածքները»: «Դրա համար մենք, միջազգային հանրությունը, միջնորդները պետք է ստիպենք նրանց, ուրիշ ճանապարհ չկա», - ասել է Ալիևը՝ շարունակելով. - «Հայաստանը փորձում է բոյկոտել բանակցությունները: Միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն բաց հայտարարում են, որ մոտ ապագայում պետք է վերականգնվեն բովանդակային բանակցությունները»:
Միաժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկացած գնով կվերականգնի «իր տարածքային ամբողջականությունը»:
«Որքան Հայաստանը շուտ հասկանա, որ չի կարող պահել գրավյալ տարածքները, այնքան լավ իր համար: Մենք չենք հաշտվի նման իրավիճակի հետ: Մենք մեծացնում ենք մեր հզորությունը, մեծացնում ենք մեր ռազմական, քաղաքական հզորությունը, ամրապնդում միջազգային դիրքորոշումը», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևն, ըստ էության, սպառնացել է Հայաստանին՝ ասելով. - «Անցած տարվա ապրիլյան կռիվը կարճատև կռիվ էր, և նրանք պետք է ճիշտ եզրակացության հանգեն ու հասկանան, որ մենք ցանկացած գնով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։
Նրա խոսքով, այսօր ադրբեջանական դրոշը ծածանվում է Լելե Թեփեում (Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավում գտնվող բարձունք, որն անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ) և «Աղդերեում» (Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանը), և այն կծածանվի նաև Շուշիում և «Խանքենդիում» (Ստեփանակերտ):
Նշենք, որ Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը, տեղի են ունեցել Նյու Յորքում և Մոսկվայում:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ անցած շաբաթավերջին հանդիպեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ներկայացրել է խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերին:
Իսկ մարտի կեսերին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի հանգուցալուծում գտնելուն ուղղված ջանքերը՝ և՛ Մինսկի խմբի շրջանակում, և՛ Բաքվի ու Երևանի հետ ուղիղ շփումներում։
Սերժ Սարգսյանը նշել էր, որ բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել։