Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետականը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Լոռու մարզում էր: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպումներ ունեցավ Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում:

Վարչապետին ուղղված հարցերը հիմնականում ֆինանսական աջակցության և սոցիալական օգնությանն էին վերաբերում։ Ալավերդի և Տաշիր քաղաքներում, օրինակ, վարչապետին խնդրեցին օժանդակել Մշակույթի տները վերանորոգելու հարցում: Մարդկանց մի մասն էլ անձնական խնդրանքով էր դիմում վարչապետին:

Ստեփանավանում, չնայած հանդիպումը լեփ-լեցուն դահլիճում էր ընթանում, վարչապետին ուղղված ընդամենը մեկ հարց հնչեց․ 88-ի երկրաշարժից տուժած կինը, ով շուրջ 30 տարի ապրում է ժամանակավոր, փայտաշեն տնակում հետաքրքրվեց Կարապետյանից, թե երբ վերջապես բնակարան կստանան: Կարեն Կարապետյանը հստակ չասաց, թե խնդիրը երբ կլուծվի, փոխարենը հանգամանալից ներկայացրեց համակարգված կառավարման մոդելն ու հավելեց՝ հարցը պետք է ներառել քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի մեջ․ - «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մաքսիմալ արագ լուծվի խնդիրը, բայց չենք փորձելու, եթե մենք ի վիճակի չենք այսօր-վաղը լուծել, Ձեզ հաճոյանալ, ասել՝ վաղը լուծելու ենք, ու հետո գանք բացատրենք, թե ինչու չենք լուծել: Ինձ թվում է՝ Ձեզ էլ դա դուր չի գալիս, չէ՞»:

Իշխող ՀՀԿ-ի քարոզարշավն իրականացնող Կարապետյանը վստահեցնում է՝ ուսումնասիրել, վերլուծել են իրենց և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը: Անդրադառնալով Լոռիում իրականացվելիք ծրագրերին՝ Կարապետյանը նշեց, որ նախատեսում են մարզում 45 ծրագիր իրականացնել և 2500 աշխատատեղ բացել:

«Մինչև այսօր ինչ ասել ենք՝ արել ենք: Հստակ ծրագրերը ասում ենք, օդի մեջ չենք ասում, որպեսզի դուք ասեք, և հասկանալի լեզվով ենք գրել, թե ուր պիտի գնանք: Ու մենք ամսի 3-4-ին ձեր բոլոր խնդիրների լուծում խոսք չենք տալիս, բայց մենք Ձեզ խոսք ենք տալիս, որ ռեգուլյար ժամանակ անց դուք տեսնելու եք, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում», - վստահեցրեց վարչապետը:

Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Լոռիում Կարեն Կարապետյանը հորդորեց շատ աշխատել, ինչի դեպքում խոստացավ՝ դրական փոփոխություններն ավելի նկատելի կդառնան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG