Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում քարոզչություն են անցկացնում տարածքային թեկնածուները


Մինչ ընտրություններին մասնակցող դաշինքների ու կուսակցությունների մեծ մասը նախընտրել է քարոզարշավի ավարտին այցելել Շիրակի մարզ, տարածքային թեկնածուները շարունակում են իրենց առանձին հանդիպումները համայնքներում։

«Գյուղական համայնքներում, երբ մտնում եմ քարոզարշավի, հենց տեսնում են «Ելք» դաշինք՝ ասում են՝ հա, աղջիկ ջան, դուք փող չեք բաժանում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց «Ելք» դաշինքի Շիրակի տարածքային թեկնածու Սոֆիա Հովսեփյանը:

Սոֆիա Հովսեփյանը, ով «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնության համակարգողն է, անդրադարձավ պետության կողմից սահմանամերձ համայնքներին տրվող արտոնություններին: Ըստ նրա՝ Կառավարությունը Տավուշի մարզն է թիրախավորել, այնինչ Շիրակի մարզի Թուրքիային սահմանակից համայնքները ևս արտոնությունների կարիք ունեն, այլապես դրանք կդատարկվեն: - «Մենք այսօր դատարկում ենք մեր սահմանամերձ համայնքները, սա բավականին ռիսկային է դառնում ամբողջ Հանրապետության համար», - ասում է նա:

«Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածու Վարդևան Գրիգորյանը իր գյուղական հանդիպումներից պատմեց․ - «Գիտեք՝ արդեն անեկդոտ են հանել, որը ջուրը ափսոս է կաթին խառնել, որովհետև ջուրը ավելի թանկ է, քան կաթը»:

Փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ են անհրաժեշտ կարծում է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն, այլապես միայն Գյումրիում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վաճառվող կամ վարձակալության տրվող շինությունների․ - «Ու հիմնավորում ենք՝ եթե զարգացած երկրներում փոքր և միջին բիզնեսը ապահովում է մոտ 60 տոկոս բյուջեի մոտ, մեզ մոտ ընդամենը ապահովում է 1.2 տոկոս»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածքային թեկնածու Արթուր Պողոսյանը կարծում է, որ եկամտահարկի գումարի տեղաբաշխման վերաբերյալ իրենց առաջարկը հենց տեղերում բազմաթիվ խնդիրներ կլուծի․ - «Եկամտահարկի մասնաբաժինը պետք է գնա ըստ գրանցման վայրի, և եթե անգամ իսկ գյումրեցիներն աշխատում են Երևանում, եկամտահարկի մասնաբաժինը, ինչքան որ լինելու է, պետք է գա Գյումրի: Փողոցներն էլ կսարքվեն, իր կարիքն էլ կհոգա գյումրեցին»:

Նախընտրական շրջանում մարդկանց հիասթափության, անտարբերության, նախընտրական ծրագրերի հետ ծանոթանալու ցանկության բացակայութան մասին էլ ասաց․ - «Ծրագրերը կարդալու են մարդիկ, ովքեր գիտակ են, ունեն հետաքրքրություն: Դա ընդհանուր առմամբ աշխարհում կազմում է ազգաբնակչության հինգ տոկոսը: Մեր մոտ, ինչ է, ուզում եք 100 տոկոսը լինեն այդպիսի՞ն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG