Մատչելիության հղումներ

Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներմուծման դեպք․ ՔԿ


Քննչական կոմիտեն հաղորդում է կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցների ներմուծման բացահայտման մասմին:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներմուծումը, պարզվել խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. մայիսից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խումբի կողմից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ են ներմուծվել ՀՀ և դրանք իրացվել տարբեր անձանց:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, ապացույցներ ձեռք բերվել, որ այն ձևավորվել է ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալների նախաձեռնությամբ, ովքեր ունեցել են նաև օժանդակողներ ազատության մեջ։

Մասնավորապես՝ Հ. Կիրակոսյանը «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վ.Կարապետյանի հետ՝ Բ. Մկրտչյանի միջոցով Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու և դրանք իրացնելու վերաբերյալ: Նրանց երեքի կազմում ստեղծված կազմակերպված կայուն խմբի հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով՝ որպես հանցագործության օժանդակողներ են ներգրավվել ազատության մեջ գտնվող քաղաքացիներ Ա. Հարությունյանը և Հ. Նիկոյանը:

Ըստ կատարված դերաբաշխման՝ Բ. Մկրտչյանը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հունաստանից Հայաստան է առաքել ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները, որոնք Հայաստանում ստացել է Հ. Կիրակոսյանը՝ Հ. Նիկոյանի օժանդակությամբ, և փոխադրել, իսկ իրացումից ստացված գումարները հավաքել և ուղարկել է Բ. Մկրտչյանին: Վ. Կարապետյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում թմրամիջոց ձեռքբերողների հետ, կազմակերպել Ա. Հարությունյանի և Հ. Նիկոյանի օժանդակությամբ դրանց իրացումները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Հ. Կիրակոսյանին, Վ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով, Ա. Հարությունյանին և Հ. Նիկոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Բ. Մկրտչյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG