Մատչելիության հղումներ

Սրվում են Թուրքիայի հարաբերությունները ԵՄ հերթական պետության՝ Բուլղարիայի հետ


Թուրքիայի պետական դրոշը Բուլղարիայի հետ սահմանին
Թուրքիայի պետական դրոշը Բուլղարիայի հետ սահմանին

Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության անդամների հետ սրվում են օր օրի, Գերմանիայի ու Նիդերլանդների հետ տարաձայնություններից հետո երեկ էլ Բուլղարիան է ետ կանչել Անկարայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար:

Երկրի արտգործնախարարությունն այս մասին բավական զուսպ հայտարարություն է տարածել՝ ընդամենը մեկ նախադասություն՝ առանց պատճառները հստակեցնելու: Տեղական մամուլը, սակայն, նշում է, որ դիվանագիտական սկանդալը ծագել է մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների և դրանց միջամտելու՝ Անկարայի շարունակական փորձերի պատճառով: Հաղորդվում է, որ շաբաթներ առաջ Թուրքիայի կառավարության անդամներից մեկը՝ սոցապ նախարար Մեհմեդ Մյուեզինօղլուն, հրապարակավ հորդորել է Թուրքիայում ապրող բուլղարացիներին իրենց ձայնը տալ ընտրություններում առաջադրված DOST կուսակցությանը, որն առաջնորդում է ծագումով թուրք բուլղարացի գործիչ Լյուֆթի Մեսթանը: Ի նշան բողոքի՝ Բուլղարիայի արտգործնախարարությունը անցած շաբաթ նոտա էր հղել Թուրքիայի դեսպանին: Անկարայի միջամտությունը, սակայն, դրանով չի ավարտվել. օրեր անց տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Բուլղարիայում Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն մասնակցում DOST-ի քարոզարշավին:

Անկարայի համակրանքը քաղաքական այդ ուժի նկատմամբ պատահական չէ, կուսակցության առաջնորդը Թուրքիայի նախագահի մոլեռանդ պաշտպաններից է, երկու տարի առաջ՝ ռուս - թուրքական լարվածության ժամանակ, նա Ռեջեփ Էրդողանին սատարելու համար դեմ էր գնացել անգամ իր նախորդ կուսակցության դիրքորոշմանը, կորցրել այնտեղ ունեցած պաշտոնները, վտարվել ու հետագայում իր սեփական քաղաքական ուժը հիմնել:

Բուլղարական մամուլը գրում է, որ DOST-ին աջակցելու և առաջիկա ընտրություններին միջամտելու թուրքական փորձերը վերջին օրերին դարձել են նախընտրական բանավեճերի գլխավոր թեմաներից մեկը: Կրքերը է՛լ ավելի են թեժացել, երբ ոստիկանությունը Բուլղարիայի հարավային շրջաններից մեկում հայտնաբերել է սննդամթերքով ու նվերներով լի 400 տոպրակ՝ ըստ հաղորդումների՝ DOST կուսակցության տարբերանշանով: «Թուրքիան ոչ միայն միջամտում է, այլև՝ կաշառում», - հայտարարել են պոպուլիստ ազգայնականներից մինչև ռեֆորմիստներ՝ պահանջելով երկրի իշխանություններից համարժեք արձագանք տալ Էրդողանի կառավարությանը, անգամ՝ վտարել երկրից Թուրքիայի դեսպանին, քվեարկության օրն էլ ընտրատեղամասեր բացել միայն Բուլղարիայի դեսպանատան ու հյուպատոսարանի տարածքում:

Ի դեպ, անցած տարի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ Բուլղարիան նվազեցրել է արտերկրում բացվող ընտրատեղամասերի թիվը՝ սահմանափակում մտցնելով հատկապես Եվրամիությանը չանդամակցող երկրներում: Ըստ այդմ, մարտի 26-ին Թուրքիայում կարող է բացվել առավելագույնը 35 ընտրատեղամաս, մինչդեռ տարիներ առաջ այդ թիվը անցնում էր 40-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG