Մատչելիության հղումներ

Ի հիշատակ «Հաց բերողի», որոշ ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացրել


«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, արխիվ

ՀՅԴ-ն էլ չեղարկել է նախատեսված բոլոր համերգային ծրագրերը

Ընտրություններին մասնակցող «Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներն այսօր քարոզարշավ չիրականացրին՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի: «Ծառուկյան դաշինքը» Սարգսյանի մահը «մեծ ողբերգություն է» որակել։ Նախընտրական հանդիպումները դաշինքի ներկայացուցիչները երեկ՝ օրվա երկրորդ կեսից են դադարեցրել:

«Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»,- ըստ տարածած հայտարարության, ասել է «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Գտնում ենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է և չի կարող անհետևանք մնալ և պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման, այլ համախմբման և համատեղ պայքարի: Մենք պատրաստվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի և նրա առողջ ուժերի համախմբման և իշխանափոխություն իրականացնելու հրամայականով»,- ասված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Արթուր Սարգսյանի մահվան լուրը հայտնի դառնալուն պես երեկ քարոզչական հանդիպումն ընդհատել ու «Արմենիա» բժշկական կենտրոն էին այցելել «Ելք» դաշինքի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ելք»-ն այսօր չդադարեցրեց նախընտրական հանդիպումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու՝ «Արթուր Սարգսյանի նպատակն էն չի, որ մենք գնանք սգանք իր մահը: Արթուր Սարգսյանի կերպարը մեզ մղում է, որ մենք ուրիշ Հայաստան ունենանք»:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը տարածած հայտարարությամբ դատապարտել է «իշխանության համապատասխան մարինների կողմից մարդու իրավունքների և քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման փաստերը»: Դաշինքը նաև «պահանջել է լիակատար բացահայտել Արթուր Սարգսյանի մահվան պատճառ դարձած բոլոր հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, թե կատարվածն իշխանությունների խարանն է: Աշտարակում «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի այսօրվա հանրահավաքը բողոքի ցույցի է վերածվել: «Իշխանությունները բացարձակ ոչնչով չարդարացված հալածանքներ և հետապնդումներ իրականացրեցին նրա [«Հաց բերողի»] նկատմամբ: Այդ ամեն ինչի ետևում քաղաքական մտադրություններ կային»,- «Ազատությանն» ասաց Զուրաբյանը:

«Անգնահատելի է «Հաց բերողի» պայքարը հանուն համամարդկային արժեքների, և դա պետք է լինի ազդակ բոլորիս, որ Հայաստանում արդարադատության հաստատման, քաղաքացու իրավունքների և ազատությունների համար պայքարը պետք է շարունակել ու հասցնել հաղթական ավարտի»,- ասված է ընրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարության մեջ:

Սիսիանում, Վայքում, Աշոցքում եւ Արթիկում քարոզարշավ անցկացնող ՀՅԴ-ն չեղարկել է նախատեսված բոլոր համերգային ծրագրերը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց ՀՅԴ պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը՝ հավելելով, թե հանդիպումները հնարավոր չի եղել հետաձգել՝ վաղուց ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով:

Իշխանական Հանրապետականն այսօր քարոզչությունը չդադարեցրեց․ աշխատանքային այցով Գեղարքունիք մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային օրվա ավարտին նախընտրական հանդիպում անցկացրեց Գավառում: Լրագրողներն իշխող ուժի թեկնածու Վահրամ Բաղդասարյանից դեռ առավոտյան էին հետաքրքրվել՝ «Հաց բերողի» մահվան պատճառով Հանրապետականի նախընտրական ծրագրերում փոփոխություններ կլինե՞ն:

«Չեմ ցանկանա, որ այդ վշտերը բորբոքվի, ես ներողություն եմ խնդրում իհարկե, ես որպես քաղաքացի, նրան շատ եմ հարգում, բայց, որպես քաղաքական կերպար․․․տանել քաղաքականություն այդ մարդուն․․․ և այդ հանգուցյալը դրված, տանեն դեպի քաղաքական դաշտ, ես դրան կողմնակից չեմ»,- ասել էր Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG