Մատչելիության հղումներ

Բաղդասարյան․ Եթե «Հաց բերողն» այլ ժամանակ մահանար, իշխանությանը չէին մեղադրի


Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարն այսօր նաև չհամաձայնեց ընդդիմադիրների այն պնդումներին, թե քարոզարշավն անցնում է վախի մթնոլորտում:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավարը քիչ հավանական է համարում, որ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահը կանդրադառնա իշխող ուժի վարկանիշի վրա: Վահրամ Բաղդասարյանը, սակայն, ընդունում է, որ Սարգսյանի հետ տեղի ունեցածը, նաև վերջին օրերին արձանագրված բռնությունները բացասաբար են ազդում ողջ ընտրական գործընթացի վրա: Այդուհանդերձ, ըստ նրա, այդ ազդեցությունը մեծ չի լինելու:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազատության» խնդրանքով արձագանքելով հանրության, նաև ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած մեղադրանքերին, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Եթե «Հաց բերողի» մահը նախընտրական փուլում չլիներ, իշխանության նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի»: Իր ցավակցությունը հայտնելուց հետո, Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորեց ողբերգությունը քաղաքական մանր շահարկումների առարկա չդարձնել:

«Դա եղել է բժշկական պրոցես, և պետք է հավատանք, որ պետք է լինի ամենաօբյեկտիվ քննություն: Մեղավորները միանշանակ պետք էպատժվեն, և ինձ թվում է, որ ամեն խնդիր պետք չէ կապել իշխանության հետ: Բժիշկները տվել են Հիպոկրատի երդում, քննության մեջ պետք է լինեն բժիշկներ: Ինձ թվում է՝ այդ քննությունից հանրությունը գոհ կմնա, սպասենք քննությանը: Եթե դրա արդյունքները մեզ չեն գոհացնի, առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ»,- ասաց Բաղդասարյանը:

Իշխող ուժի ներկայացուցիչն այսօր հակադարձեց նաև մի շարք ընդդիմադիրների այն պնդումներին, թե քարոզարշավն անցնում է վախի մթնոլորտում․ մասնավորապես, մարդիկ մտահոգ են, որ ընդդիմության հավաքներին մասնակցելու համար իրենց հետ հաշվեհարդար կտեսնեն: «Նրանք, բնականաբար, իրենց քիչ ռեսուրսը պետք է վերագրեն վախի մթնոլորտին: Ես գիտեմ, որ շատ քաղաքական ուժերի նպատակն ընդամենը 5 կամ 7 տոկոսը հաղթահարելն է, դա իրենց ռեսուրսն է: Եվ եթե հավաքներին քիչ մարդիկ են գալիս, դա պետք չէ վերագրել վախի մթնոլորտին»,- հակադարձեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Օրերս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր աջակցությունն էին հայտնել «Հիմանդիր խորհրդարանի» առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» գործով կալանավորված Վարուժան Ավետիսյանը։ Ակնարկելով Ջրառատի աղմկահարույց դեպքերը, նրանք հայտարարել էին՝ «Վերջապես կա մի ուժ, որի աջակիցները փորձել են նաև ուժի միջոցով իրենց արժանապատվությունը պաշտպանել»:

Հանրապետականում նորմալ են ընդունել այդ հայտարարությունը, միևնույն ժամանակ ընդգծում են՝ դեռ պետք է հասկանալ՝ դա Սեֆիլյանի ու Ավետիսյանի քաղաքակա՞ն, թե անձնական դիրքորոշումն է: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք դա որոշակի անհանգստություն չի առաջացրել իշխող կուսակցությունում, Բաղդասարյանը պատասխանեց․ «Բոլոր քաղաքական ուժերին լուրջ ենք վերաբերվում, որևէ մեկին չենք թերագնահատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG