Մատչելիության հղումներ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն (ՀՎԿ) այսօր նախընտրական հանդիպում ունեցավ թիվ մեկ ընտրատարածքում ներառված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։ Այստեղ կուսակցության ցուցակում 13 թեկնածու է ընդգրկված:

ՀՎԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ելույթի սկզբում դահլիճին հարցրեց, թե արդյոք իրենց մոտ ընտրակաշառքի համար ցուցակագրում արել են։ Պատասխանը հնչեց՝ այո, ապա Բաղդասարյանն ասաց․ - «Էսօր Զեյթունում փող բաժանելու համար ցուցակագրում անո՞ւմ են, թե՞ ոչ․․․ Անո՞ւմ են: Հիմա ես ինչ եմ ուզում ասել՝ երկրից հարուստ մարդիկ կան, երկրից հարուստ, որ իհարկե կարող են փորձել էսօր էս ընտրարշավից առաջ գնել մարդկանց քվեները և անել այն, ինչ որ իրենք ուզում են: Ես երեկ Սյունիքի մարզում էի, Վայոց ձորում էի, մարդիկ մոտենում էին․․․ Երբ որ հարցնում էին՝ պարոն Բաղդասարյան, լավ, սեն ո՞նց կընլի, ինչքա՞ն կարելի է սենց շարունակել: Երևանից հասնում ես Եղեգնաձոր, քառասունից ավելի արտագաչափ կա դրված: Վայոց ձորում քիչ չեն գյուղերը, որտեղ քառասուն մարդ չի ապրում»:

Մինչդեռ երեկ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը հայտարարել էր, որ «Հայկական վերածնունդը» ևս ընտրակաշառք է բաժանում։

Թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված Մհեր Շահգելդյանը Ազատության հարցին ի պատասխան հերքեց հակակոռուպցիոն կենտրոնի միջանկյալ զեկույցում տեղ գտած պնդումը․ - «Ես չգիտեմ որտեղից ինչ տվյալներ են վերցրել, ով է նման տվյալներ տվել: Այդպիսի բան գոյություն չունի և գոյություն չի էլ ունեցել: Մենք ինքներս պայքարում ենք դրա դեմ, և դուք ուշադրություն դարձրեք․ մեր տոկոսները և մեր ստացած ձայները մեր քաղաքացիներն են, որոնք մեզ ձեռք են մեկնում, պատրաստ են աջակցել այդ գաղափարները: Ես խորհուրդ կտամ ուղղակի ընտրակաշառնքերը փնտրել լրիվ ուրիշ տեղերում, որտեղ որ շատ-շատ մեծ խոստումներ են տրվում ֆինանսական»:

Անդրադառնալով օրերես Ջրառատում տեղի ունեցած կրակոցներին, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի, 3 մարդ վիրավորվել էր՝ Շահգելդյանն ասաց, որ իշխանությունները պարտավոր են բացահայտել այդ դեպքը և պատժել մեղավորներին․ - «Իշխանության պարտականությունն է անմիջականորեն կասեցնել և կանխարգելել նման որևիցե մի դեպք, առավել ևս՝ երբ որ դա մարդու կյանքի կամ առողջության հետ է կապված: Իհարկե, սա միանշանակ բացասական է, բայց, կրկնում եմ՝ պետք է կանխարգելել, պետք է անընդհատ աշխատել: Մենք ահազանգել ենք բազմիցս դրա մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG