Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական և քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք և նոր Սահմանադրություն, նախընտրական քարոզչության իրականացման հարցում ևս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ: Այդ մասին նա հայտարարել է՝ այսօր ընդունելով ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Խորհրդարանի փոխխոսնակը, Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, կարևորել է ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների կազմակերպումը: Նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես՝ Ընտրական նոր օրենսգրքի քննարկման և ընդունման փուլերը, նշելով, որ օրենսգիրքն ընդունվել է իշխանության և ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում:
Վիկտոր Գումինսկին ասել է, որ իրենց հիմնական նպատակն է քաղաքական չեզոքության պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են և ժողովրդավար: