Մատչելիության հղումներ

Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո ՌԴ նախագահն անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին


Մոսկվա, 15-ը մարտի, 2017 թ․,

Ռուսաստանի և Հայաստանի նախագահները Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալների տարբեր ցուցանիշներ են նշել:

Կրեմլում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև այսօր տեղի ունեցած բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները, դուք, Սերժ Ազատի, ամեն ինչ անում եք, որ նախընտրական քարոզարշավը և ընտրություները լինեն ազատ և ժողովրդավարական։ Ռուսաստանն ուզում է Հայաստանը տեսնել որպես կայուն և անկախ պետություն»,- հայտարարեց ՌԴ նախագահը։ Ավելի վաղ, հանդիպման սկզբում, Պուտինը նաև ասել էր, որ Հայաստանում ընտրական գործընթացները «կարծես թե այնքան էլ դյուրին չեն»։

Երկու նախագահների այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան խնդրին: «Ռուսաստանը շարունակում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի հանգուցալուծում գտնելուն ուղղված իր ջանքերը և՛ Միսնկի խմբի շրջանակներում և՛ Բաքվի ու Երևանի հետ ուղիղ շփումներում»,- ասել է Պուտինը։ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, թե անհարժեշտ է ստեղծել պայմաններ՝ բանակցային գործընթացը շարունակելու համար։

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքով որևէ փսատաթուղթ չի ստորագրվել, չնայած հանգամանքին, որ նախագահների բանակցություններին ընդլայնված կազմով մասնակցել են մի շարք նախարարներ, այդ թվում նաև՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։

Սակայն, Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո հայտարարել է, թե ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ, որոնք «էլ ավելի կխորացնեն երկու երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունները»: Սակայն, նախագահներից որևէ մեկը չի մանրամասնել, թե հատկապես ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:

Պուտինը խոսել է նաև Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների մասին, մասնավորապես, նշելով․ «Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընեկերն է։ Ապրանքաշրջանառությունը երկու երկրերի միջև ավելացել է վեց տոկոսով»: Մինչդեռ, Հայաստանի նախագահի տվյալներով, այդ ցուցանիշը 2016-ին աճել է 15 տոկոսով։

Ռուսաստանի նախագահն այսօր հայտարարել է նաև, թե մշակվում է երկու երկրների միջև վճարումներն ազգային տարադրամով կատարելու համար անհրաժեշտ մեխանիզմ։ Եթե նման մեխանիզմները գործեն, Հայաստանը, մասնավորապես, կկարողնա ռուսական գազը գնել ռուսական ռուբլով։

«Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում հասել են 3 միլիարդ դոլարի, Հայաստանում աշխատում է շուրջ 2 հազար ընկերություն ռուսական կապիտալով»,- ասել է Պուտինը։ Սերժ Սարգսյանը, սակայն, այս դեպքում էլ այլ թիվ է նշել՝ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 4,5 միլիարդ դոլար։

Մինչ Պուտինը խոսում էր, թե ինչ հսկա ռեսուրսներ է ծախսում Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար, Սարգսյանն ավելի շատ անդրադառնում էր ռազմաքաղաքական համագործակցության հետ կապված հարցերին:

«Այս համատեքստում կուզենայի կարևորել միասնական զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը և վերջերս ուժի մեջ մտած հակաօդային պաշտպանության մասին համաձայնագիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, այդ համաձայնագրերն ուղղված են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը։

Երևան մեկնելուց առաջ Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG