Թուրք-հոլանդական հարաբերություններում ծագած դիվանագիտական ճգնաժամը աստիճանաբար վերաճում է համաեվրոպականի: Անկարայից և Հաագայից հնչող փոխադարձ մեղադրանքների ֆոնին Եվրամիության ղեկավար կառույցները իրենց միանշանակ աջակցությունն են հայտնում Նիդերլանդների կառավարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` եվրոպացիների հասցեին ուղղված քննադատությունը, մասնավորաբար՝ ֆաշիզմի մասին նրա սկանդալային հայտարարությունը, երեկ քննարկում էին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:
«Նիդերլանդները Եվրոպայի մի մասն է: Ավելին, այսօր ողջ Եվրոպան Նիդերլանդներ է: Եվրոպա է նաև Ռոտերդամը, որը հիմնահատակ ավերվել էր նացիստների կողմից, այսօր էլ քաղաքապետ ունի, որ ծնվել է Մարոկոյում: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Ռոտերդամում ֆաշիզմի դրսևորումներ կան այսօր, ապա այդ մարդը լիովին կտրվել է իրականությունից», - Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ելույթում հայտարարում էր Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Պակաս կտրուկ չէին Եվրամիության ղեկավարներից ևս մեկի` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունները:
«Ես ցնցված էի այն ամենից, ինչ Թուրքիայից հնչեցվում էր Նիդերլանդների և Գերմանիայի հասցեին: Ես երբեք չեմ հանդուրժի համեմատությունը նացիստների և գործող [եվրոպական] կառավարությունների միջև», - հայտարարում էր Յունկերը:
Եվրոպացի պաշտոնյաների այս հայտարարությունները, սակայն, կարծես չեն ազդում Թուրքիայի նախագահի վրա: Ռեջեփ Էրդողանը շարունակում է հանդես գալ կոշտ հայտարարություններով:
Երեկ Աֆյոնքարահիսար քաղաքում ունեցած ելույթում Էրդողանը կրկին անդրադարձավ Նիդերլանդների հետ հարաբերություններին: «Ռոտերդամը և Ստամբուլը քույր քաղաքներ են: Երեկ երեկոյան ես տեղեկացրեցի վարչապետին, որպեսզի Ռոտերդամը զրկվի այդ կարգավիճակից: Ստամբուլի քաղաքապետը պետք է միակողմանիորեն խզի Ռոտերդամի հետ կնքված բոլոր պայմանագրերը: Նման մարդկանց հետ եղբայրական հարաբերություններ հաստատելն անհնարին է», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը: