Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները


Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են, մասնավորապես, երկկողմ համագործակցության առանցքային հարցեր և եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Նեղ կազմով հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ:

«Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում: Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում», - պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ասել է Պուտինը:

«Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ», - նշել է Ռուսաստանի նախագահը:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին պաշտոնական այցի հրավերի, ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, և բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, և բնականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի և հեռանկարի համար:

«Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ: Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը: Վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կլինի բովանդակալից և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում», - ասել է Հայաստանի նախագահը:

Նեղ կազմով հանդիպումից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG