Մատչելիության հղումներ

Վարչապետն անթույլատրելի է համարում Ջրառատում տեղի ունեցածը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց մայրաքաղաքի Նոր Նորք և Նորք-Մարաշ համայնքներում:

Ի պատասխան Ջրառատում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին «Ազատության» հարցին Կարեն Կարապետյանն ասաց․ - «Պատճառը վիճաբանությունն է: Կալանավորվածներ կան, ձերբակալվածներ կան: Քրեական գործը սկսված է, մեղավորները պատժվելու են․․․ Անթույլատրելի բան է: Զենքով մարդը կենցաղում վտանգ է ներկայացնում քաղաքացուն: Եվ այդ իսկ պատճառով մենք շատ հետևողական պետք է քննենք, մինչև վերջ բերենք հասցնենք և մեղավորներին պատժենք»:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անբիծ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ տապալվե՞լ է, վարչապետն ասաց՝ ոչ, չի կարելի․ - «Եթե արձագանք չլինի, այդ ժամանակ կասեք»:

Հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետը հանգամանորեն անդրադարձավ գազի գնին․ - «Կարծում եմ, մենք բոլորս ունենք տնտեսագիտության բավարար գիտելիքներ, որպեսզի հասկանանք դա ոնց է լինում․ միջազգային գներ, մատակարարման գներ: Գազի վերաբերյալ ես ձեզ կարող եմ ասել, թե ինչպես է ձևավորվել գները: Շատերը խոսում են, որ գազի ընկերությունը ներքին մարժան, որ ինքը ավելացնում է, չափազանց շատ է: Վերջերս ընկերության տնօրենը հստակ ներկայացրեց, թե ոնց է, ինչ է: Ավելին՝ ես չեմ պատկերացնում որևիցե կառավարիչ, կառավարության ղեկավար, որը ավելի շատ շահագրգռված չի գազի գնի նվազեցմանը կամ էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը իրենց քաղաքացիների համար, քան որևիցե մեկ այլ ուժ: Որովհետև դուք չեք կարող բերել փաստարկ, թե ինչու մենք պիտի չուզենանք: Ո՞ր տրամաբանությունից ելնելով, եթե մենք այսօր հնարավորություն ունենք այն իջեցնելու, մենք դա չենք անում: Բոլոր մնացած փաստարկները, կարծում եմ, շատ դեպքերում պոպուլիստական են, ոչ-իրատեսական»:

«Իսկ թվաբանությունը հետևյալն է», - շարունակեց Կարեն Կարապետյանը․ - «սահմանի վրայի գին, հաստատուն ծախսեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի տարածքում, և այդ հաստատուն ծախսերի համար շահութաբերության տրամաբանական նորմա, որպեսզի իրենք կարողանան սպասարկել, ինվեստիցիա անել և այլն: Այն ծախսերը, որը որ գազի ընկերությունը այսօր կատարում է, նախատեսված է շատ ավելի մեծ ցանցի համար: Եվ եթե վաղը, մյուս օրը մեր տնտեսությունը կարողանանք զարգացնել, և գազի սպառումը Հայաստանի Հանրապետությունում աճի, ապա մի միավոր ծախսը այդ գազի խորանարդ մետրի վրա կնվազի: Այդ իսկ պատճառով ժամանակին մենք շատ ինտենսիվ քաղաքականություն վարեցինք գազիֆիկացման վերաբերյալ: Այսօր Հայաստանի գազաֆիկացման մակարդակը 96-94 տոկոս է․․․ Ռուսաստանը 63 տոկոս է, Թուրքմենստանը 53 տոկոս է, Բրիտանիան 57 տոկոս է․․․ Երկիր, որը գազ չունի, երազանքը 37-38 տոկոս ա: Մեր նպատակը ինչում էր, երբ որ մենք ինտենսիվ գազիֆիկացրեցինք․ որպեսզի շուկան մեծացնենք, երկու միլիարդ խորանարդ մետր գազի փոխարեն վաճառենք չորս միլիարդ, և ամեն խորանարդ մետր գազի հաստատուն ծախսը ընկերությունում երկու անգամ կնվազի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG