Մատչելիության հղումներ

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներն ընդդեմ «Նաիրիտ 2-ի»


Armenia -- Former workers of "Nairit" plant head to the courtroom. 14March, 2017
Armenia -- Former workers of "Nairit" plant head to the courtroom. 14March, 2017

Նախկին աշխատակիցները պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ-2»֊ը հետ կնքած պայմանագրի այն կետը, համաձայն որի իրենք հրաժարվել են աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժ ու տուգանքներից։

Նրանք պնդում են, որ իրենց առջև պայման է դրվել՝ կամ հրաժարվել տույժերից ու ստանալ մայր գումարը, կամ ոչինչ չստանալ։

Պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցով դատարան է դիմել 21 քաղաքացի։ Այսօր Շենգավիթի առաջին ատյանի դատարանը քննում էր 3-ի հայցը։ Մնացած աշխատակիցները, սակայն ակտիվորեն հետևում են դատական նիստին։ Վստահ են, որ եթե դատարանը բավարարի նրանց պահանջը, շահած այս գործը մյուսների համար նախադեպ կլինի։

Հայցվորներից Սաթենիկ Մաչկալյանն ասաց, թե 2015-ին հերթական ցույցից հետո «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն ակտիվիստներից մի քանիսին հրավիրել է իր մոտ և առաջարկել նշված տարբերակը։

Քիմիական գործարանի աշխատակիցները տարիներ շարունակ պայքարում էին աշխատավարձ ստանալու համար։ 2015-ին սկսվեց աշխատավարձի վճարման գործընթացը այն բանից հետո, երբ ստորագրվեց պայմանագիր։ Դրանով «Նաիրիտի» աշխատակիցները հրաժարվեցին չվճարված օրերի համար կուտակված տույժ ու տուգանքներից հօգուտ «Նաիրիտ 2-ի»։

Հայցվորների ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Օրենսդրությունը նախատեսում է, որ եթե գործարքները ակնհայտ գործարքը ստորագրողի շահերին դեմ են, ապա դրանք համարվում են ստրկացուցիչ գործարքներ: Քաղաքացիները հակառակ դեպքում նման իրավունքներից հրաժարվելու որևէ ողջամիտ պատճառ չեն ունեցել: Մարդը ինչո՞ւ պետք է իր իրավունքից հրաժարվի»:

Դատարանը ապացույցներ պահանջեց, որ հայցվորները պայմանագիրն իսկապես կնքել են իրենց կամքին հակառակ՝ սոցիալական վիճակից դրդված։

Հայցվոր Սաթենիկ Մաչկալյանը դիմեց նիստը նախագահող դատավոր Գևորգ Նարինյանին․ - «Մենակ եմ ապրում, զոհվածի մայր եմ, և 18 ամիս իմ աշխատավարձը չէին տվել։ Ես ոչ ոք չունեմ, որ ինձ կերակրի: Ես հիմա ի՞նչ փաստաթուղթ պետք է բերեմ, որ ես այդ իրավիճակում եմ եղել»:

Նաիրիտցիները համոզված են, որ պայամանագիրը չստորագրելու դեպքում կզկվեին հասանելիք աշխատավարձից, քանի որ նախադեպ ունեն։ 2000-ից ավելի աշխատակիցներից միակը Կարեն Հակոբյանն էր, որը դատարանի միջոցով տույժ ու տուգանքներն էլ է պահանջել ու թեև վճիռնիր օգտին է կայացվել, արդյունքում ոչինչ չի ստացել․ - «Ես շահել եմ դատը: 7 միլիոն մոտավորապես եղել է մայր գումարը և 5 միլիոնի չափով՝ տոկոսները: Երբ որ մտել ա ուժի մեջ մայր գումարները ստորագրելը և տոկոսներից հրաժարվել Էներգետիկայի նախարարության օգտին կամ «Նաիրիտ-2»-ի, ինձ առաջարկել են մայր գումարի կեսը»:

Կարեն Հակոբյանը դիմել է նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղ արձանագրել են, որ քաղաքացու իրավունքները խախտվել են․ - «Եթե ես չվճարեմ այդ գումարը բուհերին, պետական բուհերում են սովորում երեխաները, երեխաներին ինստիտուտից կհանեն: Իսկ երբ որ ինձ չեն վճարում գումարը, это в порядке вещей... Մարդ, որի տղան նոր ա գալիս բանակից, չեն տալիս գումար, մարդ, որը հիմնադիրի թոռն ա, չեն տալիս գումար, մարդ, որը ունի Մարդու իրավունքների պաշտպանի թուղթ, չեն տալիս գումար, մարդ, որը ունի Հելսինկյան խմբի թուղթ, որ իր իրավունքները խախտվում են, չեն տալիս գումար»:

Հաջորդ նիստին հայցվոր կողմը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ պայմանագիրը ստիպված է ստորագրել։ Նիստից հետո, նաիրիտցիներից յուրաքանչյուրը քննարկում էր, թե ինչ ապացույց կարող էր ինքը ներկայացնել հայցվորների փոխարեն։

Նրանցից մեկն ասաց․ - «Կարայի փաստաթուղթ բերեի, որ իմ տունը գրավի տակ ա եղել, բանկի թուղթը ունեմ, որ իսկապես ես ստիպված եմ ստորագրել»:

«Իմ ապացույցը նա է, որ իմ աղջկան պետք է շտապ օպերացիա անեին: Նաղդ փող էր պետք», - հավելեց մեկ ուրիշը:

Նաիրիտցիների ու «Նաիրիտ 2»- միջև կնքված պայմանագրի տույժ ու տուգանքներից հրաժարվելու կետն անվավեր ճանաչելու հայցով դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 27-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG