Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը դիլիջանցիներին հորդորեց «չվաճառել ձայները»


ՀՅԴ ներկայացուցիչները Դիլիջանում, 14-ը մարտի, 2017 թ․
ՀՅԴ ներկայացուցիչները Դիլիջանում, 14-ը մարտի, 2017 թ․

ՀՅԴ-ի քարոզարշավի հերթական կանգառն այսօր Դիլիջանում էր:

Այսօր Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանը ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց․ «Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մրցակցում են, թե ով ավելի մեծ սուտ կասի․ ով ավելի շուտ Հայաստանը դրախտավայր կդարձնի, ով ավելի շատ կբարձրացնի աշխատավարձը, ով ավելի շատ ընտրակաշառք կառաջարկի»: Սեյրանյանն ընտրողներին հորդորեց չվաճառել իրենց ձայնը:

«Մարդը, որն ուզում է ձեզնից առնել ձեր քվեն, այդ մարդը վաղը վաճառելու է իր քվեարկությունը, շատ տրամաբանական բան է: Մարդը, ով ձեզ խաբում է սին հույսերով, երևակայական թվերով, վաղը բոլոր հիմքերը ունենալու է ձեզ ասելու, որ դրանք չկարողացավ իրականացնել»,- ասաց ԲՀԴ բյուրոյի անդամը:

Ընտրողներին հորդորելով ապրիլի 2-ին իրենց ձայնը տալ Դաշնակցությանը, ՀՅԴ ներկայացուցիչները հատուկ ուշադրություն հրավիրեցին կուսակցության նախընտրական ծրագրի երեք կետերի վրա՝ ներքին ու արտաքին անվտանգություն, տնտեսության, նաև այլ ոլորտների արագընթաց զարգացում և արդարություն: Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, որը նաև թիվ 13 ընտրատարածքում առաջադրվել է տարածքային ցուցակով, պնդեց՝ Դաշնակցությունը միակ ուժն է, որը հստակ դիրքորոշում ունի բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալական հարցերից մինչև հայ-թուրքական հարաբերություններ: Թեկնածուի խոսքով՝ Դաշնակցությունը իշխանությանը մաս կազմելով՝ միաժամանակ պայքարում է դրա բարեփոխման համար:

«Դաշնակացությունը երբեք չի ասել մեկ բան, արել այլ բան: Այլ հարց է՝ մեր չարախոսները, մեր քննադատները երբեմն փորձում են Դաշնակցությանը քննադատել, թե էսօր իշխանություն են, վաղը՝ ընդդիմություն: Դա նորմալ երևույթ է: Դաշնակցությունն էսօր պայքարում է և՛ դրսից, և՛ ներսից իշխանությաը փոխելու, ժողովրդի վիճակը բարեփոխելու համար»,- ասաց Ալեքսանյանը:

«Ազատության» հետ զրույցում բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, թե իշխանության մաս կազմելը բացասաբար չի անդրադառնա ընտրություններում իրենց արդյունքների վրա: «Հակառակը՝ կարծում եմ՝ սա լրացուցիչ հնարավորություն է, որ մարդիկ կարող են գնահատել: Մենք ոչ թե իշխանությանը հեռվից ենք ասում, որ այ՝ որ ունենայինք, այսպես կանեինք, այլ ներսում ենք, տեսնում ենք, մեր հնարավորությունները ներկայացնում ենք և ասում ենք՝ եթե ունենանք ավելի մեծ հնարավորություն՝ ավելին կարող ենք անել»,- ասաց Մինասյանը:

Անդրադառնալով քաղաքական խոստումներին, դաշնակցական նախարարն ասաց, թե դրանցից շատերը զուրկ են մասնագիտական պատշաճ հաշվարկներից ու հիմնավորումներից: «Հայտարարում են թվեր՝ աշխատավարձերի բարձրացման: Միանշանակ է, որ աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ պետք է հետևողական քայլ կատարվի, բայց խոսել կրկնակի եռակի բարձրացման մասին կարճ ժամկետում, առնվազն հիասթափությանը հավասարազոր մի վիճակ է առաջացնում»,- ասաց Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG