Մատչելիության հղումներ

Լորդերի պալատը երեկ վերջնականապես ընդունեց Brexit-ի օրինագիծը


Լորդերի պալատը քննարկում է Brexit-ի օրինագիծը, 13-ը մարտի, 2017թ.
Լորդերի պալատը քննարկում է Brexit-ի օրինագիծը, 13-ը մարտի, 2017թ.

Բրիտանիայի կառավարությունը արդեն կարող է այն կյանքի կոչել։

2014 թվականին, երբ Շոտլանդիան հանրաքվեով մերժեց անկախությունը՝ գերադասելով մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, հաջորդ օրը առավոտյան Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Դեյվիդ Քեմերոնը թեթևացած շունչ քաշելով ասել էր. - «Մեր սերնդի համար այդ թեման փակվեց»:

Սակայն, ընդամենը երեք տարի անց Շոտլանդիայի անկախության թեման նորից բորբոքվում է: Նույն Քեմերոնը, կատարելով նախընտրական խոստումը, անցած տարի ամռանը հանրաքվեի դրեց Եվրամիությունից դուրս գալու հարցը և բրիտանացիների մեծամասնությունը կողմ քվեարկեց:

Եվրամիության կողմնակից Քեմերոնը հրաժարական տվեց: Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նրան փոխարինեց Թերեզա Մեյը, ով հաստատուն քայլերով առաջ է մղում Եվրամիությունից դուրս գալու գործընթացը:

Երեկ Լորդերի պալատը վերջնականապես ընդունեց Brexit-ի օրինագիծը, որը կառավարությանն արդեն իրավունք է տալիս կոնկրետ քայլեր կատարել Եվրամիությունից դուրս գալու համար:

Օրինագիծը Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատով ավելի վաղ էր անցել էր, և Բրիտանիայի կառավարությունը արդեն կարող է Brexit-ը կյանքի կոչել:

Բայց Brexit-ը Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականությունը խախտելու վտանգ է պարունակում։ Շոտլանդիան Եվրամիությունից բաժանվելուն համաձայն չէ: Brexit-ի հանրաքվեին Եվրամիությունում մնալու կողմնակիցները Շոտլանդիայում ավելի շատ էին։

Հիմա, երբ Լոնդոնն արդեն պատրաստվում է գործնականում սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, Էդինբուրգը հայտարարում է անկախության նոր հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:

Շոտլանդիայի առաջին նախարար, Ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը երեկ հայտարարեց անկախության նոր հանրաքվեի ժամկետները:

«Եթե Շոտլանդիայի կարծիքն անտեսվում է այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին է մեր անդամակցությունը Եվրամիությանը և մասնակցությունը եվրոպական ընդհանուր շուկային, ապա ակնհայտ է, որ մեր ձայնն ու շահերը ցանկացած պահի ու ցանկացած հարցում կարող են արհամարհվել», - ասել է նա և հայտարարել, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի 2018-ի աշնանից մինչև 2019-ի գարունն ընկած ժամանակահատվածում:

Ընտրած ժամկետի հարցով նա պարզաբանել է, որ այս ամսվա վերջին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությունից դուրս գալու պաշտոնական հայց է ներկայացնելու, Բրյուսելի հետ բանակցությունները շարունակվելու են երկու տարի և այդ գործընթացի վերջում Շոտլանդիան անկախության հանրաքվե կանցկացնի: «Հաջորդ շաբաթ ես Շոտլանդիայի խորհրդարանին կխնդրեմ օրենք ընդունել անկախության հանրաքվե անցկացնելու մասին», - ասել է նա:

Թերեզա Մեյը, իսկույն արձագանքելով Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե անցկացնելու կոչին, ասել է, թե Շոտլանդիայի կառավարությունը պետք է մտածի իր ժողովրդին ծառայելու մասին, այլ ոչ թե խաղաղ երկրի ապագայի հետ: «Քաղաքականությունը դա խաղ չէ», - ընդգծել է Թերեզա Մեյը:

Բրիտանական մամուլն այս թեմայով բազմաթիվ հարցեր է շոշափում՝ տնտեսական, սոցիալական, ֆինանսական, ռազմական, որոնք, ըստ հրապարակումների, Շոտլանդիայի օգտին չեն խոսում:

Times-ը նշում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ անկախության դեպքում Շոտլանդիան ավտոմատ կերպով կդառնա Եվրամիության անդամ: Հարկ կլինի նորից անդամակցության հայտ ներկայացնել, իսկ այդ դեպքում Իսպանիան վետո կդնի՝ հաշվի առնելով Կատալոնիայի խնդիրը:

Սակայն, ըստ Financial Times-ի, Brexit-ը հենց սկզբից իր մեջ սպառնալիք էր պարունակում Բրիտանիայի տարածքային ամբողջականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG