Մատչելիության հղումներ

«Ես երբևիցե չեմ խուսափել որդեկորույս մայրերի հետ հանդիպելուց։ Ես նրանց ընդառաջ գնացել եմ», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ընդդիմախոսների այն քննադատություններին, թե «իշխանության մեջ լինելով լռել է և չի պահանջել վերաբացել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերը», որոնց մայրերն այդ պահանջով տարիներ շարունակ ցույցեր են անցկացնում թե՛ կառավարության շենքի մոտ, թե՛ նախագահականի դիմաց։

Հիշեցնենք, օրեր առաջ քարոզարշավի ժամանակ սևազգեստ մայրերից մեկի հետ զրույցում Օհանյանը հաստատել էր, որ զինվորի սպանության գործի քննության ընթացքում խախտումներ եղել են։

«Ես հասկանում եմ մեր որդեկորույս մայրերին՝ երկու հանգամանքից ելնելով․ առաջինը, որ նրանք ի վերջո կորցրել են իրենց զավակներին, և երկրորդ հանգամանքը նա է, որ նրանք իհարկե ձգտում են, որ մաքսիմալ լինի նրանց պատիժն, ովքեր որ իրենց զավակներին այդ վիճակին են հասցրել», - ասաց Օհանյանը՝ շարունակելով. - «Ես երբևիցե չեմ խուսափել նրանց հետ հանդիպելուց։ Ինքս եմ ընդառաջ գնացել, ինքս եմ կանչել։ Շատ են եղել դեպքերը, որ իմ, հենց իմ աշխատասենյակում, ելնելով որդու զոհվելու հանգամանքներից, վերլուծություններ են կատարել։ Երեկ տիկին Նանա Մուրադյանին ես ասացի, որ նույնիսկ ես հիշում եմ, թե ես ինչի վրա եմ շեշտադրում արել՝ դատահետքաբանական փորձաքննության ոչ պատշաճ իրականացման մակարդակի վրա։ Այն ժամանակ ես իրավապահ մարմիններին ասել եմ և գրություններ եմ գրել մի քանի անգամ, իհարկե՝ հրապարակում կամ կառավարության շենքի դիմաց չեմ վեր կացել և հրապարակային ասել, բայց, միևնույն ժամանակ, նույն կառավարության շենքի դիմաց, նախագահականի դիմաց ես գնացել եմ ընդառաջ, գնացել եմ, փորձել եմ այդ հարցերը լուծել։ Դատաիրավական համակարգն ինձ չի ենթարկվում, և փառք Աստծո, որ ինձ չի ենթարկվում, որովհետև, երբ որ մենք գանք իշխանության, մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանք լինեն ազատ, դրանք լինեն անկախ»։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ փորձել է օգնել որդեկորույս մայրերին։ «Դեպքերից մեկի ժամանակ ծնողներից մեկը ինչ ասես որ չասեց ինձ։ Ես իրեն ասացի հետևյալը՝ «ես ընդունում եմ դա, որովհետև այն, ինչ Դուք ասացիք, միգուցե առօրյայում, այլ մարդկանց կողմից դա վիրավորական ընդունվեր իմ կողմից, բայց որքան էլ որ ես այդ հարցում նեղսրտվեմ, այնուամենայնիվ, դա այն չէ, ինչ որ Դուք եք կորցրել։ Ասեք Ձեր սրտի ուզածը մինչև վերջ, նոր դրանից հետո ես կարող եմ ասել հետևյալը՝ ավարտեցի՞ք, հանգստացա՞ք, ասեք, թե ինչով ես Ձեզ օգնեմ»։ Եվ փորձել եմ օգնել իրենց», - պատմեց Օհանյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե ինչու նախարար լինելու տարիներին չէր խոսում քաղաքական բանտարկյալների առկայության մասին, Օհանյանն ասաց. - «Ես ո՞ր նախարարն եմ եղել՝ պաշտպանության նախարարը, ինչ է՝ ես հանրահավաքների՞ եմ մասնակցել, միտինգների՞ եմ մասնակցել, որ հրապարակային ինչ-որ արտահայտություն անեմ»։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, հիշեցնենք, քարոզարշավից հետո Օհանյանն այցելեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի գրասենյակ։

Ընդդիմության քննադատություններին, թե Միքայելյանին շտաբում այցելում է, բայց երբ նա կալանավայրում էր կամ հիվանդանոցում, չի այցելել, պաշտպանության նախկին նախարարն այսպես արձագանքեց. - «Այն ժամանակ ես իմ պարտականություններն եմ կատարել։ Գիտե՞ք, պաշտպանության նախարարի պաշտոնն այնքան ծանր, այնքան բազմազբաղ պաշտոն է, որ ինքը եթե լիարժեք իրականացնում է պաշտպանական քաղաքականություն, կարելի է ասել՝ դա մի ամբողջ պետության գործ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG