Մատչելիության հղումներ

Պեսկով. Միացյալ Նահանգները նսեմացնում է ինքն իրեն


Դոնալդ Թրամփ - Վլադիմիր Պուտին առաջին դեմ առ դեմ հանդիպումը հնարավոր է կայանա հուլիսին՝ Համբուրգում, Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ, երեկ CNN-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ ցավոք, Թրամփի նախագահության առաջին ամիսները հարաբերությունների զարգացման առումով շոշափելի արդյունքներ չեն տվել:

«Ցավոք, մենք դեռ հստակ պատկերացում չունենք մեր հարաբերությունների հեռանկարի մասին: Անշուշտ, ակնկալում ենք, որ շփումներն առավել հաճախակի լինեն, ավելի խորը, որ մենք կնստենք ու կխոսենք՝ փորձելով հասկանալ միմյանց: Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նման երկրների համար երկխոսությունից հրաժարվելն աններելի է, հատկապես, հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային այն բազմաթիվ խնդիրները, որ մենք ունենք: Մինչդեռ, դրանց ուղղությամբ ջանքերը համախմբելու փոխարեն, մենք կորցնում ենք մեր ներուժը՝ աշխարհի բոլոր մեղքերի մեջ միմյանց մեղադրելով», - նշել է նա:

Պեսկովն ընդգծել է՝ Կրեմլում ուզում են, որ Նահանգներում սկսված հակառուսական հիստերիան ավարտվի, որքան շուտ՝ այնքան լավ:

«Ռուսաստանի հասցեին Նահանգներում հնչող մեղադրանքներն այնքան շատ են, որ ես չգիտեմ որից սկսել», - փաստել է CNN-ի առաջատար լրագրող Ֆարիդ Զաքարիան՝ հստակ հարց ուղղելով Պուտինի խոսնակին՝ արդյոք Ռուսաստանի կառավարությունը նախագահական վերջին քարոզարշավի ժամանակ համագործակցել կամ շփվել է նախագահ Թրամփի շրջապատի հետ:

«Պատասխանը հստակ է՝ ոչ: Մեզ համար շատ անսպասելի էր հայտնվել մի իրավիճակում, երբ Ռուսաստանը դարձել է մղձավանջ Ամերիկայի համար: Անկեղծորեն, մենք չենք կարողանում հասկանալ՝ ինչու է Ամերիկայի ժողովուրդն ու քաղաքական դաշտը սկսել ինքն իրեն նվաստացնելու այս գործընթացը: Դուք ինքներդ ձեզ եք նվաստացնում, երբ հայտարարում եք, թե որևէ երկիր կարող է միջամտել ձեր ընտրություններին: Ամերիկան հսկա երկիր է, աշխարհի ամենահզորը՝ շատ, շատ կայուն քաղաքական ավանդույթներով: Եվ դուք ասում եք, թե ինչ-որ երկիր կարող է հեշտորեն միջամտել ու ազդել ձեր ընտրությունների վրա՞: Դա պարզապես անհնարին է», - ասել է Պուտինի խոսնակը:

Պեսկովը հստակ ընդգծել է՝ Կրեմլը երբեք չի միջամտի որևէ երկրի, հատկապես Նահանգների ընտրություններին, և միաժամանակ թույլ չի տա, որ որևէ մեկն իր քիթը Ռուսաստանի ներքին հարցերի մեջ մտցնի: CNN-ի ճշգրտող հարցին, թե այդ դեպքում ի՞նչ նպատակով է Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը նախընտրական շրջանում հանդիպել Թրամփի մերձավոր շրջապատի հետ, Պեսկովը պատասխանել է՝ դա դեսպանի բուն պարտականությունն է, ընդ որում, Կիսլյակը ոչ միայն Թրամփի, այլ դեմոկրատական ճամբարի հետ է շփվել:

«Եթե նայեք քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի հետ կապ ունեցող որոշ անձանց, գուցե տեսնեք, որ Ռուսաստանի դեսպանը նաև նրանց հետ է բազմաթիվ հանդիպումներ ունեցել: Սակայն, այդ հանդիպումներից որևէ մեկը չի եղել ընտրությունների մասին, և որևէ կերպ չպետք է մեկնաբանվի որպես միջամտություն ընտրական գործընթացներին», - հավելել է նա:

«Այդ դեպքում, ինչպես եք մեկնաբանում այն փաստը, որ Միացյալ Նահանգների բոլոր 16 հետախուզական գործակալությունները միաձայն պնդում են, թե Ռուսաստանը փորձել է ազդել ամերիկյան նախագահական ընտրությունների վրա», - հարցրել է Ֆարիդ Զաքարիան: -«Ցավոք, մենք որևէ հստակ ապացույց չենք տեսել», - արձագանքել է Պուտինի խոսնակը՝ պնդելով՝ հրապարակված զեկույցները, մեղմ ասած, այնքան էլ որակյալ չեն վստահելի լինելու համար:

Պեսկովը որոշ մանրամասներ է փոխանցել նաև Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո երկու նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից․ - «Թրամփը չի թաքցրել, որ բազմաթիվ հարցերում համաձայն չէ Ռուսաստանի հետ, միաժամանակ, նա բավական պրագմատիկ է և հայտարարում է, որ կողմերը պետք է խոսեն: Ցավոք, սակայն, մենք դեռ պատկերացում չունենք, թե այդ երկխոսությունը երբ կարող է սկսվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG