Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան․ ՀՀԿ-ն և մնացած փողի կուսակցությունները տոտալ հարձակվել են քաղաքացու վրա


Կոնգրես - ՀԺԿ դաշինքի համապետական ցուցակում 5-րդ հորիզոնականը զբաղեցող Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը պնդում է, որ այս օրերին ամենուր ընտրակաշառքի մասին լուրեր են լսում։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխող Հանրապետականի համար գումար բաժանողները նաև Մանուկյանի շենք են այցելել․ - «Նույնիսկ այնքան լկտի էր, որ իմ շենքում, իմ բարեկամներին, իմ ընկերներին մոտենում են, կաշառք են առաջարկում․․․ Դուրս են անում, քշում են հեռու․․․ ո՞վ ա իրանց հետ խոսում: Բայդ քանի որ տեղամասերում մենք մի քիչ ապահովել ենք արդար ընտրության հնարավորություն՝ տեսախցիկների և ցուցակների հրապարակման միջոցով, Հանրապետականը և մնացած փողի կուսակցությունները տոտալ հարձակվել են քաղաքացու վրա․․․ Կարող ա էնքան անեն, որ ուղղակի հիասթափվի էս հասարակությունը»:

«Ազատության» հարցին, թե չի պատրաստվում արդյոք դիմել իրավապահներին, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ - «Կարող ա դրա կարիքն էլ լինի, կդիմեմ․․․ Մի քիչ փաստ պիտի ունենաս, որ հիմնավորված լինի, որ բռնես»:

Ընտրակաշառք բաժանողներին Արամ Մանուկյանը հիշեցրեց 2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեն․ - «Մենք բոլոր դեպքերում զգուշացնում ենք բոլոր փող բաժանողներին, բոլոր կեղծարարներին, բոլոր՝ էդ ճանապարհով մարդկանց վախեցնողներին․ մենք հակառակ քայլեր ունենք, թող զգույշ լինեն և հետո չփոշմանեն: Որովհետև հիմա ոչ թե տուգանք է լինելու, ինչպես հանրաքվեինն էր․․․ չորս հարյուր հազար դրամ Հանրապետականը տվեց էդ տղերքին, որոնք խախտում էին արել, ու մի հատ էլ շնորհակալություն հայտնեց: Հիմա՝ մինչև չորս տարի հոդված: Թող զգույշ լինեն»:

Ընդդիմադիր դաշինքի թեկնածուներն այսօր «Խաղաղություն» կարգախոսով երթով անցան Կոմիտասի պողոտան։ Նշում էին, որ չնայած այս տարածքում դաշինքից 10 անդամ է առաջադրված, բայց իրենք չեն մրցակցում, հանդես են գալիս մեկ թիմով՝ ընդհանուր նպատակի համար։

Արամ Մանուկյանի գլխավորությամբ նրանք անցորդներին էին բաժանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը պարզաբանող թերթը։

«Ազատության» հարցին ի պատասխան Արամ Մանուկյանն անդրադարձավ խաղաղության իրենց ծրագիրը քննադատողներին՝ շեշտելով, որ հող հանձնելու մասին իրենք չեն խոսում․ - «Դա էս երկրի թարսերն են էդպես ներկայացնում: Որովհետև էդ ծրագիրը 20 տարի դրված է քննարկումների մեջ, հայ ժողովուրդը և Արդբեջանը կարիք ունեն խաղաղության: Եվ այդ խաղաղության ծրագիրը, փոխզիջման տարբերակը, եռանախագահությունը, գերտերությունները ներկայացրել են երկու երկրների ղեկավարներին: Մեր խնդիրն է ստիպել իշխանություններին՝ գնալ էդ ծրագիրն իրականացնելու, որը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանը, որը տնտեսապես հնարավորություն կստեղծի աշխատատեղերի, զենքի, զրահի, փողի, բանակի: Եվ էն ժամանակ դու կարող ես ապահով․․․ կանգնացնել արտագաղթը: Էդ դեպքում Ղարաբաղի հարցն էլ կարող ես ավելի հիմնարար․․․ թև ու թիկունք կանգնել Ղարաբաղին: Եվ Հայաստանը կունենա ներգաղթ, հզոր Հայաստան»:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային թեկնածու Միքայել Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում քննադատեց իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած քաղաքականությունը․ - «Փխրուն զինադադարից հետո Հայաստանը տվել է երկու հազար զոհ: Հիմա ասեք տեսնեմ՝ քանի՞ կիլոմետր տարածք եք գրավել երկու հազար զոհ տալով: Ոչ մի: Իսկ խաղաղության դեպքում այդ մարդիկ ողջ կլիներին, իրենց ընտանիքների գլուխը կլինեին: Մարդիկ հիմա հնչակում են առաջընթաց և անվտանգություն․․․ Ախր որտե՞ղ եք տեսել անվտանգություն պատերազմի սպառնալիքի դեպքում»:

Կոմիտասի շուկայում Կոնգրես - ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչները զրույցի բռնվեցին վաճառողների հետ: Այստեղ կային մարդիկ, ովքեր այդ դաշինքի կողմնակիցները չէին: Կային նաև մարդիկ, ովքեր ասում էին, թե քաղաքական ոչ մի ուժ ժողովրդի մասին չի մտածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG