Մատչելիության հղումներ

Էրդողան. «Հոլանդիա', դու թանկ գին կվճարե'ս»


Թուրք իրավապահները պաշտպանում են Նիդերլանդների հյուպատոսարանը Ստամբուլում: 13-ը մարտի, 2017 թ.
Թուրք իրավապահները պաշտպանում են Նիդերլանդների հյուպատոսարանը Ստամբուլում: 13-ը մարտի, 2017 թ.

Թուրքերը պաշտոնական բողոք են հայտնել

Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրել է Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դաան Ֆեդդո Հուիսինգային և պաշտոնական բողոք հայտնել Թուրքիայի ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քանային արտաքսելու, Արտաքին գործոց նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքն արգելելու և թուրք ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու համար:

Սահմանադրական հանրաքվեի պատրաստվող Թուրքիայի քաղաքական կուսակցուոյսւնների առաջատար գործիչներն ու կառավարության անդամները քվեներ վաստակելու համար ցանկանում են հանդիպումներ անցկացնել եվրոպական այն երկրներում, որտեղ կան խոշոր թուրքական համայնքներ:

Գերմանիայում արտգործնախարար Չավուշօղլուի հանդիպման խափանումից հետո նախագահ Ռջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է այդ երկրում «նացիստական գործեկալերպի վերականգնման մասին», ինչը վրդովմունքով է ընդունվել Բեռլինում: Հիմա էլ Էրդողանն իր զայրույթն ուղղում է Հոլանդիայի վրա:

«Դե լավ, Նիդերլանդներ, դու զոհաբերեցիր թուրք-հոլանդական հարաբերությունները հանուն [մարտի 15-ին կայանալիք] ընտրությունների, և դրա համար դու թանկ գին կվճարես, այո, թանկ գին: Մենք դեռ չենք սկսել մեր քայլերը», - անցած շաբաթ օրն ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նիդերլանդներում նույնպես քվեների համար են անհանգստանում

Ոչ միայն Թուրքիայում, այլև Հոլանդիայում են նախընտրական կրքեր: Մարտի 15-ին այդ երկրում քաղաքացիներն ընտրելու են 150-տեղանոց Ներկայացուցիչների պալատի պատգամավորներին:

Ինչպեսև եվրոպական այլ երկրներում, Հոլանդիայում նույնպես աջերի և ձախերի թեժ պայքար է ընթանում: Ազգայնական և պոպուլիստական շարժումները պնդում են, որ հարկ է արտաքսել ապօրինի միգրանտներին, սահմանափակել այլազգիների մուտքը:

Այս լարված վիճակում Նիդերլանդների իշխանությունը չէր ցանկանա բորբոքել վիճակը: Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի նախօրեին քաղաքական խոշոր հանդիպումների անցկացումը կվկայեր Ամստերդամի թույլության մասին, ինչն անպայման կօգտագործեն «Ազատություն» կուսակցության ղեկավար, եվրասկեպտիկի համարում ունեցող Գիիրտ Վիլդերսը և ազգայնական այլ ուժեր:

Թուրք երկու նախարարները ցանկանում էին հանդիպել հայրենակիցներին, երբ հայտնի էր դարձել, որ միջոցառումներն արգելվել են, թուրքերը փորձել են Ռոթերդամում բողոքի ցույց անցկացրել, սակայն ոստիկաններն այն ցրել են:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեն պարզաբանել է, որ կառավարությունը թուրք նախարարին խնդրել է չժամանել՝ հաշվի առնելով Ռոթերդամում ակնկալվող լարվածությունը:

Էրդողանը, մինչդեռ, շարունակում է մոլեգնել: «Հոլանդիան իրավական երկիր չէ, Հոլանդիան բանանային հանրապետություն է: Աշխարհը տեսավ, թե իրավունքների և դեմոկրատիայի մասին Թուրքիային դասեր տվողը որքան է հեռու այդ արժեքներից: Դուք ձեր ձախողումը միևնույն է չեք թաքցնի», - ասել է Էրդողանը:

Մինչդեռ Նիդերլանդների վարչապետը հստակ պարզաբանել է Ամստերդամի դիրքորոշումը՝ ասելով, որ Ամստերդամը Անկարային հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների այցի աննպատակահարմարության մասին:

«Նույնիսկ եթե թուրքական անձնագիր ունեն, նախևառաջ հոլանդացի են»

«Մենք չենք կարող թուրք նախարարներին թույլ տալ նախընտրական արշավ վարել Հոլանդիայում, հոլանդացիների շրջանում: Նույնիսկ եթե նրանց զրուցակիցներն ունեն թուրքական անձնագրեր, նրանք միևնույն է նախևառաջ հոլանդացիներ են», - ասել է Ռյութեն:

Եվրահանձնաժողովն այսօր Բրյուսելում ԵՄ-ի անունից Անկարային կոչ է արել զերծ մնալ անհարկի սուր հայտարարություններից, որոնք կարող են «էլ ավելի շիկացնել վիճակը»:

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հանդարտության կոչ են անում

«Մտահոգիչ բոլոր հարցերը պետք է քննարկել բաց և ուղիղ շփումների եղանակով, մենք այստեղ՝ Եվրահանձնաժողովում, պատրաստ ենք ըստ ամենայնի սատարել ԵՄ - Թուրքիա հարաբերություններին», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսնակ Մարգարիտիս Սխինասը:

Հարցին է անդրադարձել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեբնբերգը, ով Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին հորդորել է վիճելու փոխարեն կենտրոնանալ մարտահրավերների և սպառնալիքների վրա․ - «Ակտիվ վիճաբանությունը դեմոկրատիայի առանցքն է, բայց նույնը վերաբերում է նաև փոխադարձ հարգանքին: Ուստի ես երկու դաշնակիցներին կոչ եմ անում լինել զուսպ և մեղմել լարվածությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG