Մատչելիության հղումներ

ԵԽ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ ՄԻԵԴ՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող վճիռների կատարման հարցում


ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում
ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում

Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման հարցում։

Եվրոպայի խորհուրդը օրեր առաջ քննարկել էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարումը։

Այդ վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է երկու տարի առաջ, բայց կողմերը դեռևս չեն կատարել դրանք։ Եվրադատարանը բավարարել էր Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, ինչպես նաև Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

Համաձայն Եվրոպայի խորհրդի մամլո ծառայության հաղորդագրության, կազմակերպության պատվիրակները որոշում են ընդունել՝ ի գիտություն ընդունել Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացված տեղեկությունները։ Նաև հայկական կողմին հրավիրել են ներկայացնելու գործողությունների ծրագրով նախատեսված քայլերն ու արդյունքը՝ դատարանի որոշման իրագործման ուղիներն ու միջոցները քննարկելու համար։

Ինչ վերաբերում է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանը, ապա, հաղորդագրության համաձայն, պատվիրակները մեծ հետաքրքրությամբ են ընդունել Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագիրը։ Ինչպես նաև Ադրբեջանի իշխանությանը հրավիրել են՝ մանրամասն տեղեկություններ ներկայացնելու այդ ուղղությամբ գործող աշխատանքային խմբի վերաբերյալ, որը կդառնա Դատարանի առաջարկած մեխանիզմների ստեղծման պատասխանը՝ լուծելու նյութական հարցերը։

Պատվիրակները որոշել են նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերանայումը վերսկսել այս տարվա հունիսին կայանալիք նիստի ընթացքում։

Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ Մինաս Սարգսյանը, հիշեցնենք, Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցում պնդել էր, որ 1992-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է գյուղում գտնվող իր երկհարկանի տունն ու դարձել փախստական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG