Մատչելիության հղումներ

Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը


Դպրոցականներն այցելում են Եղիշե Չարենցի տուն-թանգարան, արխիվ

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, լրանում է մեծ բանաստեղծի ծննդյան 120-ամյակը, և ինչպես ամեն տարի՝ այսօր ևս կեսօրին Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցների գլխավորությամբ նրա հուշահամալիր կայցելեն գրողները, նրա արվեստի երկրպագուներ, դպրոցականներ, ուսանողներ և այլք:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հուշահամալիր այցելությունից հետո բոլորը կհավաքվեն բանաստեղծի տուն-թանգարանում, որտեղ մշտապես այս օրը ուշագրավ միջոցառումներ են տեղի ունենում:

Զարմանալի չէ, որ Չարենցի տունը նույնքան հյուրընկալ է մեր օրերում, որքան եղել է տանտիրոջ կենդանության ժամանակ: Այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մեր ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է, որտեղ շատ հաճախ ոչ միայն գրական երեկոներ և շնորհանդեսներ են կազմակերպվում, այլև ցուցահանդեսներ են բացվում՝ թե՛ ժամանակակից գեղանկարիչների, թե՛ մեր դասական գեղանկարիչների:

Մեր մեծագույն բանաստեղծներից Եղիշե Չարենցի պոեզիան, նրա խոսքը անչափ հրատապ է նաև այսօր: Իզուր չէ, որ իր ժամանակին, իր հանճարի թելադրանքով նա գրել է՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավքական ուժի մեջ է»:

«Ազատության» հետ զրույցում մեր ժամանակների բանաստեղծ Հակոբ Մովսեսը նշում է. - «Ես, ճիշտն ասած, էդքան չեմ հետաքրքրվում հիմա քաղաքական իրավիճակներով, ինչի չեմ հետաքրքրվում՝ որովհետև համարում եմ, որ ժողովրդի քաղաքական վիճակը իր ներքին հոգևոր վիճակների էմանացիան է, արտազեղումն է: Չի կարելի հրաշքներ սպասել մի մարդուց, որի ներսում հրաշքի զգացողություն և սպասում չկա, և ընդհակառակը՝ հրաշքներ պետք է սպասել էն մարդուց, որի ներսում հրաշքի զգացողություն կա: Քաղաքականությունը չի կարող հրաշքով, հանկարծակի փոխվել, դառնալ լավը կամ դառնալ շատ վատը, եթե դա իր ներքին, նորից եմ ասում, արտազեղումը չի»:

«Էսօր, ցավոք, մեր ժողովրդի ներքին էութենական շերտը շատ տխուր վիճակում է թե՛ լուսավորչական տեսակետից, թե՛ սոցիալական, թե՛ գաղափարական, թե՛ հոգևոր, մենք ապրում ենք նաիվ, պրիմիտիվ կենսաբանական կյանքով: Իհարկե, դրա պատճառները, համապատասխանաբար, օբյեկտիվ և սուբյեկտիվ են, և ահա, ինչ որ լինելու է քաղաքականության մեջ, մեր էդ կենսաբանական վիճակի արտահայտությունն է լինելու, ուրիշ բան չի լինելու: Պողոսին կգա փոխարինելու Պետրոսը, ասենք, կոնսերվատիվին կգա փոխարինելու մոդեռնիստը, մոդեռնիստին կգա փոխարինելու հիպին, հիպիին կգա փոխարինելու, չգիտեմ, գողը... Ցավոք, էս բոլորը ընդհանուր բիոլոգիական, կենսաբանական մի լուսավորչական վիճակի մեջ են, իսկ դա ինձ հուշում է, որ մեծ փոփոխություններ ակնկալել չի կարելի», - հայտարարեց Հակոբ Մովսեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG