Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է սուր քննադատության ենթարկել Նիդերլանդներին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքական իշխանությունները շարունակում են սուր քննադատություն հնչեցնել Նիդերլանդների ղեկավարության հասցեին՝ օրերս տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատճառով։

Նախ Հոլանդիայում վայրէջքի թույլտվություն չէր տրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին, ապա երկրից վտարվել էր Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան, ով մտադիր էր Ռոտերդամում հանրահավաք անցկացնել։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին Ստամբուլում հայտարարել է, որ Նիդերլանդների իշխանություններն անցել են բոլոր սահմանները, զգուշացնելով, թե նրանք համարժեք պատասխան են ստանալու։ «Բանը հասել էր նրան, որ մեր հյուպատոսին դուրս չէին թողնում հյուպատոսարանի շենքից։ Այս ամենը ցույց է տալիս, որ նացիզմը վերածնվում է Արևմուտքում։ Նիդերլանդների իշխանություններն ինչպե՞ս կարող են բացատրել իրենց քայլերը։ Թուրքիան սրա պատասխանը կտա», - ասել է Էրդողանը։

Չավուշօղլուն ևս սպառնացել է, որ Թուրքիան հակաքայլեր է ձեռնարկելու։ Նա հայտարարել է, թե Նիդերլանդների իշխանությունների դիրքորոշումն անընդունելի է, և նրանք պետք է ներողություն խնդրեն, ինչը, նախարարի կարծիքով, բավարար չի լինի։ «Նման ամոթալի գործողություններ նույնիսկ նացիզմի ժամանակ չեն հանդիպել», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ի պատասխան, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հակադարձել է. - «Անկարայից ներողություն խնդրելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մարդիկ մեզ մեղադրում են ֆաշիստական և նացիստական քաղաքականություն վարելու մեջ, մե՞նք պետք է ներողություն խնդրենք»։

Նիդերլանդներում տեղի ունեցածը հարուցել է հոլանդաբնակ թուրքերի դժգոհությունը։ Նախօրեին Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության մոտ հարյուրավոր թուրքեր բողոքի ցույցեր են անցկացրել։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Անկարայում Հոլանդիայի դեսպանատան և Ստամբուլում հոլանդական հյուպատոսարանի մոտ, որտեղ հավաքված ցուցարարները հյուպատոսարանի շենքի վրայից հանել են նիդերլանդական դրոշը՝ այն փոխարինելով թուրքականով։

Ավելի վաղ Գերմանիան և Շվեյցարիան էին արգելել թուրք պաշտոնյաներին իրենց երկրներում քարոզարշավ անցկացնել ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրել է, թե տեղի ունեցածը սև բիծ է եվրոպական ժողովրդավարության պատմության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG