Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հանդիպումը հնարավոր է կայանա հուլիսին՝ Համբուրգում. Պեսկով


Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, արխիվ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, արխիվ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջին հանդիպումը հնարավոր է, որ կայանա հուլիսին Համբուրգում՝ Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ։ Երեկ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե մենք չպայմանավորվենք ավելի վաղ հանդիպման մասին, ապա նրանց հանդիպումը հնարավոր է, որ կայանա հենց հուլիսին՝ Համբուրգում, քանի որ սա առաջին գագաթնաժողովն է, որին ներկա են լինելու և՛ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - ամերիկյան CNN հեռուստաընկերության եթերում ասել է Պեսկովը և հավելել. - «Կարևոր է, որ Պուտինն ու Թրամփը նստեն և խոսեն»։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հիշեցնենք, հայտարարել էր, թե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Պուտին-Թրամփ հանդիպման հարցը, սակայն ոչ ամերիկյան, ոչ էլ ռուսական կողմերը չեն հստակեցրել հնարավոր հանդիպման ժամկետն ու վայրը։

Ռուս-ամերիկյան հարաբերություններից խոսելիս Պեսկովը նաև ասել է, թե Թրամփը բավականին պրագմատիկ քաղաքական գործիչ է և հենց դրա համար էլ խոսում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության անհրաժեշտության մասին։

CNN-ի լրագրողի հարցին, թե ի՞նչի մասին են խոսել Թրամփն ու Պուտինը հունվարի 28-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, Պեսկովը պատասխանել է, որ այդ զրույցին Թրամփը չի թաքցրել, որ շատ հարցերում համաձայն չէ Ռուսաստանի հետ, սակայն, ըստ Կրեմլի խոսնակի, ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է երկխոսություն սկսել՝ կողմերի դիրքորոշումներում առկա տարաձայնությունները մեղմելու համար։

Հարցին, թե ե՞րբ այդ երկխոսությունը սկսվի, Պեսկովը դժվարացել է պատասխանել։ «Մենք, ցավոք, չունենք պատկերացում, թե երբ կարող է նման երկխոսություն սկսվել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև», - ասել է Կրեմլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG