Հայիթիում, մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից շուրջ 150 կիլոմետր հեռու՝ Գոնայվես քաղաքի մոտակայքում, ավտոբուսը մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով առնվազն 38 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:
Ավտոբուսը նախ վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած երկու մարդու, հետո մխրճվել փողոցում շքերթով անցնող երաժիշտների խմբի մեջ։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 34 մարդ մահացել է տեղում, 4-ը՝ հիվանդանոցում:
Վարորդը և մի խումբ ուղևորներ բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղից դուրս գալով՝ վարորդը փախուստի է դիմել։
Վթարից հետո երաժիշտները և շքերթի մյուս մասնակիցները քարեր են շպրտել ավտոբուսի և այլ մեքենաների վրա՝ վիրավորելով այլոց ևս, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Պատահարի պատճառներն առայժմ պարզված չեն: