Մատչելիության հղումներ

Էլինար Վարդանյան. Այս ընտրությունները յուրահատուկ են լարվածությամբ


«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյան, արխիվ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը երեկ հայտարարել էր, որ կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի նկատմամբ։

Ըստ հաղորդագրության, գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ «Ազատություն»-ը զրուցել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, դաշինքի անդամ Էլինար Վարդանյանի հետ։

Վարդանյան. - Ըստ մեզ հասած տվյալների, այո, կրակոց է եղել, հետագայում փորձել են վնասազերծել կրակողին և զենքը հանձնել են ոստիկանությանը։

«Ազատություն». - Այսինքն՝ փոխոստիկանապետ Երանոսյանի բարեկամները, ով Ջրառատ գյուղի գյուղապետն է, նրա կողմնակիցները կրակել են ձեր համակիրների ուղղությամբ, ճի՞շտ եմ հասկանում։

Վարդանյան. - Այո, այնքանով, որքանով մենք տիրապետում ենք տեղեկատվությանը, գյուղապետի կողմնակիցները կրակել են մեր համակիրների ուղղությամբ։

«Ազատություն». - Եվ սա ի՞նչ է նշանակում։ Ընտրություններին ընդառաջ ի՞նչ գնահատական կտաք այս իրավիճակին։ Տեղյակ եք նաև, որ բռնությունների այլ դեպքեր են տեղի ունեցել Արարատի, Արագածոտնի մարզերում։

Վարդանյան. - Այո, ես, իհարկե, գիտեմ, որ սովորաբար մեզ մոտ ընտրությունները խաղաղ միջավայրում, խաղաղ մթնոլորտում չեն ընթանում, բայց այս ընտրությունները յուրահատուկ են լարվածությամբ, և թերևս յուրաքանչյուր միջադեպ այդ մասին է վկայում։ Ավելին՝ այս դեպքը խոսում է այն մասին, որ գյուղապետը, որը ի պաշտոնե պարտավոր է ապահովել նախընտրական քարոզչության ընթացքում համայնքը, համայնքի անվտանգությունը, որովհետև իր համայնքում է անցկացվում հանդիպումները, ինքն է հրահրում, փաստորեն, միջադեպեր, ինքն է հրահրում ավելորդ լարվածություն։

«Ազատություն». - Ո՞րն է նպատակը։

Վարդանյան. - Թերևս, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հարցնել հենց գյուղապետին։

«Ազատություն». - Դուք ի՞նչ եք կարծում։

Վարդանյան. - Գիտե՞ք, սա իշխանություններին շատ հաճախ բնորոշ մեթոդ է, հաշվի առնենք այն հանգամանքը, որ գյուղապետը վերջին հաշվով ՀՀԿ-ական է, և մի կողմ եթե թողնենք կուսակցական պատկանելիությունը, այստեղ շատ կարևոր է, որ նա հանդես է գալիս համայնքի ղեկավար, և որպես համայնքի ղեկավար նա պարզապես իրավունք չուներ հրահրել նման միջադեպ։

Նշենք, որ երեկ ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննություն է կատարվում Ջրառատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: ՕՐՕ դաշինքից էլ հայտնեցին, որ բերման են ենթարկվել դաշինքի չորս համակիրներ, և ևս մեկը, ով ինքնակամ է ներկայացել ոստիկանություն։

«Ազատություն». - Ինչպե՞ս կգնահատեք այն հանգամանքը, որ, փաստորեն, միայն ձեր կողմնակիցներին են բերման ենթարկել, մինչդեռ Դուք պնդում եք, որ գյուղապետի կողմնակիցներն են հրազեն կիրառել ձեր համակիրների նկատմամբ։

Վարդանյան. - Ես պետք է նշեմ, որ ոստիկանությունում ինքներս այդ հարցը բարձրացրեցինք, և մեզ վստահեցրեցին, որ իրականացվելու է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, և միջադեպին առնչություն ունեցող ցանկացած ոք անցնելու է քննությունով։ Հետևաբար ես կփորձեմ այս պահին ձեռնպահ մնալ և սպասել քննության ընթացքին՝ արդյո՞ք պահպանում են իրենց խոստումը, արդյո՞ք քննությունն ընթանալու է բազմակողմանի և ամբողջությամբ, և իրո՞ք ներգրավվելու են միջադեպի բոլոր մասնակիցները։

Ջրառատի գյուղապետը, հիշեցնենք, երեկ «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG