Մատչելիության հղումներ

Արարատցիների խոսքով, մարզում վախի մթնոլորտ է


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մտահոգիչ է համարում, «որ տարիների ընթացքում ժողովրդին ստրկացրել են»:

Այսօր Արարատի մարզում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ընտրացուցակի 5-րդ համար, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե փողի կուսակցությունները մրցելու են խաղաղության կուսակցության հետ՝ «Էս ա էս ընտրության մեխը»:

Մանուկյանը մարզի բնակիչներին հորդորում էր չվախենալ, չտրվել ընտրակաշառքի գայթակղությանը ու ապրիլի 2-ին ձայնը տալ այն քաղաքական ուժին, ով ոչ թե սին խոստումներ, այլ իրատեսական ծրագրեր է առաջարկում: Դաշինքի անդամները վստահեցնում էին՝ փող բաժանելով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ իշխանությունները փորձում են միայն վերահսկել ընտրությունները:

«Ես ձեզ ասում եմ՝ չկա այնպիսի որևէ մեթոդ, որով իրենք կարողանան իմանալ, թե դուք ինչ եք քվեարկել»,- հավաքվածներին վստահեցնում էր Արամ Մանուկյանը:

Չնայած այս կոչերին՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպումները Մասիսում ու Արտաշատում այսօր սակավաթիվ էին: Շատերը խուսափում էին տեսախցիկից, իսկ համարձակները էլ անկեղծանում՝ մի ընտրատարածքում, որտեղ Հանրապետականի թիմից մրցապայքարի է դուրս եկել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ «Ծառուկյան» դաշինքից էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը՝ ընդդիմադիր դաշինքի հավաքին ներկայանալը հղի կլինի վատ հետևանքներով:

«Դե վախի մթնոլորտ, պարզ ա, որ բոլորի մոտ էլ լինում ա: Խոսակցություններ հասնում ա, որ էս ինչ տեղը կռիվ գնաց, էս ինչ տեղը վեճ գնաց: Դե մարդիկ՝ մեկը աշխատող ա, մեկը՝ ասենք խեղճ մարդ ա, էսօր «Փարոս» ա ստանում, էդ էլ կարող ա կտրեն», - ասեց մի մասիսցի տղամարդ:

Մասիսում մեկ այլ տարեց մարդ էլ հավելեց․ - «Ե՛վ դանակահարություն, և՛ վեճեր, հենց մեր շրջանում են: Հենց երեկ երեկոյան, ես եմ հանդիպել՝ երիտասարդներ են, դուրս են գալիս մի շտաբից մյուսն են գնում, ստեղ բավականին շահեր ա բախվում: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է դրված, պատգամավոր Մուրադ Մուրադյանն է: Իրենց շատ սանձարձակ են պահում, ամեն օր էդ վեճը, կռիվը կա: Իսկ կան մարդիկ, ինձ էլ հարազատ մարդ, որ տնետուն մտնում, ցուցակագրում են, որ փող են բերելու: Զրուցելով մարդկանց հետ ասում են՝ ես վերցնելու եմ գումարը, թե կտամ, թե չեմ տա ձայնս, դա իմ խղճի վրա է»:

«Ազատության» հարցին, թե որքա՞ն գումար են առաջարկում՝ տղամարդն ասաց՝ 20-ից 30 հազար դրամ:

Մեկ անգամ ևս ընդգծելով, որ Մասիսում կա վախի մթնոլորտ՝ տարեց տղամարդն ասաց․ - «Ինչո՞ւ են այսքան քիչ մարդիկ դուրս գալիս: Վախենում են: Ըստեղ փոքր քաղաք ա, ճանաչում են իրար: Մյուս շտաբներում կասեն էս մարդը գնացել էր ՀԱԿ-ի միտինգին»:

Նույն միտքը հաստատեց արտաշատցի մի կին ևս․ - «Ժողովուրդը վախենում է, որովհետև բոլորին ճանաչում են»:

Արտաշատում քաղաքացիներից մեկը մոտենալով Արամ Մանուկյանին՝ հետաքրքվեց՝ ինչպե՞ս պայքարել ընտրակաշառքի դեմ, երբ սոցիալապես վատ վիճակում հայտնված մարդիկ այսօր հենց միայն դրան են սպասում: Մանուկյանն առաջարկեց՝ պարզապես տեսանկարահնել այդ ամենը և ուղարկել իրավապահ մարմիններին:

«Ազատության» հետ զրույցում ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ այսօր համատարած վախի ու ընտրակաշառքի ֆոնին դժվար է մարդաշատ հավաքներ կազմակերպել, այդուհանդերձ քաղաքական այս ուժում վստահ են՝ կեղծիքներից հոգնած ընտրողը շատ լավ էլ տարբերակումը լավը վատից:

«Էդ ժողովուրդը ինչքան էլ վախենա, միևնույնն է, մենք գիտենք ժողովուրդը մեզ է համակրում: Բայց բնականաբար շատ լավ հասկանում է, տարիների փորձը գոնե ցույց է տալիս, որ էդ վստահությունն ու համակրանքը պատժվում էր ապօրինի պետական իշխանության կողմից: Իհարկե մտահոգիչ է, ընդհանրապես, ստացվում է, որ տարիների ընթացքում իսկապես ստրկացրել են մեր ժողովրդին: Էս իշխանությունների կառավարման արդյունքներից մեկը սարսափն է, որ մարդկանց մեջ մտել է, որ անգամ վախենում են կամերայի առաջ իրենց կարծիքը հայտնել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ն այսօր Արարատի մարզում նորից խոսեց, որ իր ծրագրի հիմքում ընկած է խաղաղության հաստատումը և երկրում առկա յուրաքանչյուր խնդրի լուծում պայմանավորված է հենց խաղաղության հաստատմամբ:

«Հենց որ հաստատվի խաղաղություն, վստահ եղեք, որ ներդրումային, ռեյտինգային համաշխարհային գործակալություններում Հայաստանի ռեյտինգը կփոխվի», - ժողովրդին դիմելիս ասաց Լևոն Զուրաբյանը:

Խաղաղության այս կոչերը, սակայն, միանշանակ չընդունվեցին Արարատի մարզի բնակիչների շրջանում: Ոմանք կիսում էին այս գաղափարն՝ ընդգծելով, թե «տղա թոռնիկներ ունեն և խաղաղությունն այսօր օդի պես պետք է», մի մասն էլ պնդում էր՝ «հողերի վերադարձը սխալ է, քանի որ այդ դեպքում արդեն կհանձնեն Ղարաբաղը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG