Մատչելիության հղումներ

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քննություն է կատարվում այսօր Ջրառատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Ոստիկանությունը ուսումնասիրում է, քննություն է կատարում: Միջադեպը կատարվել է քարոզարշավից շատ ավելի ուշ», - ասաց Ահարոնյանը՝ խոստանալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարեց, որ կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։

«Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին: Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին», - ասված է ՕՐՕ-ի հաղորդագրությունում:

«Մենք քիչ առաջ եղանք ոստիկանության բաժանմունքում, հանդիպեցինք բերման ենթարկված տղաների հետ: Նրանցից մի քանիսն ունեին մարմնական վնասվածքներ, որ ստացել էին այդ միջադեպի արդյունքում: Նրանք դեռևս բերման ենթարկվածների կարգավիճակում են: ՕՐՕ դաշինքի 4 համակիրներ են բերման ենթարկվել, ովքեր գյուղապետի հրահրած միջադեպի մասնակից են եղել, և ևս մեկը, ով ինքնակամ է եկել ոստիկանություն:Ըստ մեզ հասած տեղեկությունների, գյուղապետի կողմնակիցները կրակել են մեր համակիրների ուղղությամբ: Վերջիններս հետագայում փորձել են վնասազերծել կրակողին, և զենքը հանձնել են ոստիկանությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ, ՕՐՕ դաշինքի անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Ջրառատի գյուղապետը «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե նման միջադեպ է տեղի ունեցել:

«Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն և օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին», - ասված է ՕՐՕ դոշինքի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG