Մատչելիության հղումներ

Այսօր Վայոց Ձորում ընթացող Հանրապետական կուսակցության քարոզարշավի ընթացքում, պատասխանելով «Ազատության» հարցին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ իշխող ՀՀԿ-ն ներկայացրել է ու գնում է կոշտ ու կտրուկ բարեփոխումների: Ըստ էության Կարապետյանը հակադարձում էր ընդդիմախոսներին, ովքեր պնդում էին, որ Հայաստանին զարգացման համար ոչ թե երկարաժամկետ հեռանկարային ծրագիր է պետք, այլ կոշտ ու կտրուկ բարեփոխումներ:

«Ես չեմ կարծում, որ մեր բարեփոխումները կտրուկ և արագ չեն: Ինչքան հորիզոնդ երկար է, դա չի նշանակում, որ շատ ուշ ես սկսելու», - ասաց վարչապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն այսօր իր քարոզարշավն անցկացրեց Վայքում, Մալիշկա գյուղում և Եղեգնաձոր քաղաքում:

Քվեարկելով ՀՀԿ-ին, դուք քվեարկում եք անվտանգությանը, վստահեցնում էին կուսակցության ներկայացուցիչները: Այս թեմային առավել մանրամասն անդրադարձավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղեգնաձորցիներին կոչ անելով ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

«Ես պետք է ձեզ ընդամենը խնդրեմ, որ ապրիլի 2-ին գալով ընտրատեղամաս՝ դուք հիշեք, որ բացի այն բոլոր հաճելի ու խոստումնալից գաղափարներից, որ դուք կլսեքայս քարոզարշավի ընթացքում, առաջին հերթին դուք քվե եք տալիս մեր երկրի անվտանգության և պաշտպանության համակարգի համար պատասխանատու ուժին», - ասաց Սարգսյանը:

Ի տարբերություն նախորդ օրերի քարոզարշավի, հանրապետականներն այսօր ավելի համեստ էին իրենց կուսակցության գնահատականների առումով: Այսօր, մասնավորապես, հենց Վիգեն Սարգսյանը չասաց, որ իրենք մրցակիցներ չունեն, վարչապետ Կարեն Կարապետյանն է խորհուրդ էր տալիս քվեարկել այն կուսակցության օգտին, ում ծրագրերը ընտրողները կգտնեն, որ առավել նպատակահարմար են:

Կարապետյանն ասաց, որ իրենց ծրագրում արհեստական բան չեն դրել, վստահեցրեց, որ ՀՀԿ-ն իր սխալների վրա արդեն փորձվել է, գիտի ուժեղ և թույլ կողմերը:

«Կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուրքաղաքացի գոնե այդ հարցում՝ Արցախի ինքնասիրության և արժանապատվության հարցում, վստահ է, որ մենք երբևիցե թույլ չենք տա, որ արժանապատվությունը և մեր ապագան, մեր ամբողջ ազգի ապագան, որը որ այսօր որոշվում Արցախի ֆրոնտային գծի վրա, լինի թերի, և մենք այս հարցում շատ վճռական ենք և հետևողական», - հայտարարեց Կարապետյանը:

Նա խոսեց նաև ներդրումների մասին: Վայոց Ձորի մասով ասաց, որ ակնկալում է, որ միայն այս տարի կլինի 109 միլիոն դոլարի ներդրում: Հիմնական ուղղությունները հանքային ջրերի արդյունաբերությունն է, կաթի ու պանրի արտադրությունը, խաղողի մշակումը:

«Ուզում եմ վստահ լինեք, որ մենք պոպուլիստական բան չենք ասել: Ասել ենք այն, ինչի տակից կարող ենք դուրս գալ», - հայտարարեց վարչապետը:

Հանրահավաքի տեսքով ՀՀԿ-ն քարոզարշավն անցկացրեց միայն Եղեգնաձորում, իսկ Մալիշկա գյուղում և Վայք քաղաքում թեև նախատեսված էր հանրահավաք, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը այդ երկու համայնքներում նախընտրեց ելույթների փոխարեն զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Դրանք հիմնականում կենցաղային բնույթի էին, որոնց մեծ մասին վարչապետն արձագանքում էր, որ հիմա նախընտրական շրջան է, և շատ հարցերի հասկանալի պատճառներով նա չի կարող ընդառաջել:

«Ազատությանը» հաջողվեց նաև հարց ուղղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀԿ-ն մրցակից չունի, իսկ նրանք, ովքեր փորձում են մրցակցել, անգամ 2000 վստահված անձ չեն կարողանում ապահովել ընտրություններում: Նրան հակադարձել էր Նիկոլ Փաշինյանը, ով ասել էր, որ եթե չլինի Սերժ Սարգսյանը, ապա Վիգեն Սարգսյանը, ըստ էության, երեք վստահված անձ չի կարող ունենալ:

«Իրենք շատ ճիշտ են ասում: Ցանկացած մարդ պետք է քաղաքական ուժի մեջ լինի, որ կարողանա թիմ հավաքել: Երբ որ ես խոսում եմ թիմի մասին, ես նկատի չունեմ անհատների թիմերը, ես նկատի ունեմ կուսակցությունների թիմերը: Իհարկե պետք է ժողովրդին ներկայանալ թիմով, որը նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների է մասնակցում, որը մասնակցել է նախորդ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով, այլապես այդ քաղաքական գաղափարը իրականացնելը շատ բարդ է լինելու: Էնպես որ, իմ քաղաքական ընդդիմախոսները հաստատում են իմ ասածը», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Վայոց Ձորը և Սյունիքի մարզը բնակչության սակավության պատճառով այս տարի, ընտրական նոր օրենսգրքի համաձայն, ընդգրկված են մեկ ընտրատարածքում: Ինչպես երեկ Սյունիքի մարզում, այնպես էլ այսօր Վայոց Ձորի մարզում, թե՛ վարչապետը, թե՛ պաշտպանության նախարարը իրենց քարոզարշավի ընթացքում այցելում էին համայնքներ իրենց ծառայողական մեքենաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG