Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանի համար անհասկանալի են «Ծառուկյան» դաշինքի հավակնությունները


 Վազգեն Մանուկյան, արխիվ
Վազգեն Մանուկյան, արխիվ

Մանուկյանի գնահատմամբ՝ քաղաքական ուժերի առաջարկները նոր չեն:

Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը խիստ անհասկանալի է գնահատում առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի մեծ հավակնությունները:

«Ես չի, որ պետք է որոշեմ, ինքն է որոշում, բայց հիմա, որ հարցումներ են անում, այդ ձայները, որ սպասվում են իրենց, ինձ համար մի քիչ զարմանալի են, բայց դե ժողովուրդն է որոշում», - ասաց Վազգեն Մանուկյանը:

1996-ի նախագահական ընտրություններից հետո հետընտրական ընդդիմադիր շարժումը ղեկավարած Մանուկյանի գնահատմամբ՝ նոր ընտրական համակարգը բավականին բարդ է, իսկ քաղաքական ուժերի առաջարկներն, ըստ նրա՝ նոր չեն:

«Ընտրություններ են, ուղղակի բավականին օրիգինալ ու շատ բարդ օրենքով, անկեղծ ասած, և դժվար է նախապես որևէ բան ասել: Ես չեմ ուզի որևէ մեկին ռեկլամել: Ծրագրերի հետ ծանոթացել եմ, բավականին լավ առաջարկություններ կան, բայց բոլոր էդ առաջարկությունները հայտնի էին սրանից 10 տարի առաջ էլ, որովհետև պրոբլեմները մնացել են նույնը: Գլոբալ պրոբլեմները մնացել են նույնը, բայց ես չեմ ասի, որ Հայաստանն առաջ չի գնացել: Փոփոխություններն ակնառու երևում են», - ասաց Մանուկյանը:

Հայաստանյան նախորդ չորս նախագահական ընտրություններին առանց հաջողության մասնակցած ԱԺՄ ղեկավարը նշեց, որ մինչև հաջորդ տարի կմնա Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում՝ չմանրամասնելով հետագա անելիքները:

Տարիներ առաջ ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ հայտնի մեկ այլ գործիչ, այժմ իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի պնդմամբ էլ՝ քաղաքականության մեջ առաջնայինը շահերն են:

«Կայացած քաղաքական գործչի համար պետական շահը պետք է դոմինանտ լինի», - նշեց Գեղամյանը:

Նա պատգամավորության է հավակնում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ զբաղեցնելով իշխող Հանրապետականի ընտրական ցուցակի 18-րդ հորիզոնականը: Ի՞նչ է արել Արտաշես Գեղամյանը, որպես իշխող խմբակցության պատգամավոր վերջին հինգ տարիներին, հարցրինք երբեմնի ընդդիմադիր գործչին:

«Վերջերս ինքս ինձ այդ հարցը բնականաբար տվեցի, որ իրականությունից չկտրվեմ: Իմ գործունեությունը տեղ է գտել հրապարակված 5 գրքերի մեջ, նվազագույն ծավալը 600 է, բացի դա 7 լեզուներով հրատարակված գրքույկների մեջ, որոնք տարածվել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ․․․Այդ ամենը զետեղված է այնտեղ, իսկ ժողովուրդը, դուք ի նկատի ունեք, իր կենցաղում հասկացել է, թե ոչ, ենթադրում եմ, որ եթե ծանոթանան այդ ելույթների, հոդվածների հետ, ապա կասեն, որ այս մարդը տվյալ պարագայում իրեն վստահված հատվածում լիովին ծառայել է երկրին», - ասաց Արտաշես Գեղամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG