Մատչելիության հղումներ

Անկարան «ֆաշիզմի» մեջ է մեղադրում նաև Հոլանդիայի իշխանություններին


Հոլանդիայում վայրէջքի թույլտվություն չէր տրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին: Վերջինս մեկնում էր Ռոտերդամ՝ տեղի թուրքերին կոչ անելու՝ սատարել Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, որոնք քվեարկության պետք է դրվեն ապրիլի 16-ին:

Թուրքիայի նախագահը սուր քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ում իր դաշնակից հանդիսացող Հոլանդիայի իշխանություններին, օգտագործելով «ֆաշիստ» որակումը: Պատճառը Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջքի թույլտվություն չտալն է:

«Հեյ, Հոլանդիա, տեսնենք, թե այսուհետ ինչպես են ձեր ինքնաթիռները ժամանելու Թուրքիա: Ես խոսում եմ դիվանագետների, ոչ թե շարքային քաղաքացիների մասին», - այսօր Ստամբուլում սպառնացել է Ռեջեփ էրդողանը: Ինքը՝ արտգործնախարար Չավուշօղլուն, կատարվածը որակել է «աննախադեպ սկանդալ, որը որևէ կերպ չի կարող ընդունվել»: «Նրանք հայտարարում են, թե մերժել են ինքնաթիռի վայրէջքն անվտանգության նկատառումներով: Ինչ է, նախարարն ահաբեկի՞չ է»,- Ստամբուլի օդակայանում հայտարարել է նա, հավելելով․ «մենք նրանց արժանի պատասխան կտանք»:

Ընդ որում, Թուրքիայի արտգործնախարարը կրկնել է Էրդողանի հռետորաբանությունը՝ «ֆաշիզմի» մեջ մեղադրելով Հոլանդիայի իշխանություններին: «Մենք բազմաթիվ ուղերձներ ենք ստացել Նիդերլանդների մեր աջակիցներից, որոնք պնդում են, թե համաձայն չեն իրենց կառավարության ռասիստական ու ֆաշիստական քաղաքականության հետ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

Միջադեպից ժամեր անց Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիկը «Թվիթեր»-ում գրել է. «Այս միջադեպը պատմության մեջ կմնա որպես սև բիծ՝ Նիդերլանդների ժողովրդավարության ու դիվանագիտության վրա»:

Հոլանդիայի վարչապետն, ի պատասխան, «անհավասարակշիռ» ու «լիովին անհեթեթ» է որակել թուրքական կողմի մեղադրանքները: «Ես հասկանում եմ, որ նրանք զայրացած են, բայց, սահմանն անցնում են»,- հայտարարել է Մարկ Ռյուտտեն, հավելելով․ «Ճիշտ չէ, երբ թուրք նախարարները քարոզարշավ են անցկացնում հոլանդացիների շրջանում: Թուրքիայի անձնագիր ունենալով հանդերձ, այդ մարդիկ, նախ և առաջ, Նիդերլանդների քաղաքացի են»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը «ֆաշիզմի» մեջ էր մեղադրել նաև Գերմանիայի իշխանություններին, որոնք եվրոպական մի շարք այլ երկրների օրինակով, թույլ չեն տալիս իրենց երկրներում քարոզարշավ անցկացնել Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների օգտին: Փորձագետները վստահ են, որ ապրիլի կեսերին կայանալիք այդ հանրաքվեի նպատակն է՝ երկարաձգել ու ամրապնդել Ռեջեփ էրդողանի իշխանավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG