Մատչելիության հղումներ

Amnesty International. Ադրբեջանում այլախոհները ենթարկվում են հաքերային հարձակումների


Բացի այդ, սոցցանցերում, տարբեր կայքերում (այդ թվում` իշխանության աջակցությունը վայելող) նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ, մեկնաբանություններ ու սպառնալիքներ են գրվում:

«Ամնեսթի Ինթերնեշնլ»-ը պնդում է, որ Ադրբեջանում ակտիվիստները, իրավապաշտպանները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները կառավարության կողմից ենթարկվում են հաքերային հարձակումների:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 13 ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանություններին քննադատող մարդիկ կանոնավոր կերպով ենթարկվել են հաքերային հարձակումների: Վերջիններիս էլեկտրոնային գաղտնաբառերը կոտրել են՝ կոնտակտներն ու անձնական այլ տվալներ բացահայտելու, նամակագրությունն ուսումնասիրելու համար»,- նշված է իրավապաշտպան կառույցի՝ այսօր հրապարակված զեկույցում:

«Սուտ ընկերներ: Կամ ինչպես են կեղծ օգատերերն ու վնասակար ծրագրերն Ադրբեջանում վարակում այլախոհներեին»: Այս խորագիրը կրող զեկույցում մանրամասնորեն նկարագրված է, թե ինչպես են աշխատում վիրուսային ծրագրերը, որոնք ուղարկվում են կեղծ հասցեներից:

Այլախոհների էլեկտրոնային հասցեներին կամ սոցցանցերով (մասնավորպես, «Ֆեյսբուքով») վիրուս պարունակող նամակներ են ուղարկվել, որոնց հեղինակներն, իբրև թե, եղել են հայտնի իրավապաշտպաններ կամ քաղաքական ակտիվիստներ: Մի քանի ակտիվիստ անգամ ԱՄՆ դեսպանատուն այցելելու կեղծ հրավեր է ստացել:

Երբ օգտատերը բացել է նման նամակը, վիրուսը ներբեռնվել է նրա համակարգչի մեջ և սկսել կարդալ դրա մեջ եղած ինֆորմացիան: «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի ավագ տեխնոլոգ Կլաուդիո Գուարնիեյրին ասել է․ «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նպատակաուղղված ու համակարգված հաքերային հարձակումներ են իրականացվում Ադրբեջանում քննադատական ձայն բարձրացնողների վրա, որոնցից շատերը կառավարության ճնշումների հին զոհեր են»:

Հաքերային հարձակումների զոհերից մեկը իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովն է, ում հասցրել էին զգուշացնել վտանգի մասին: Անցած տարվա հոկտեմբերին նրա գործընկներից մեկը զանգահարել ու զգուշացրել է, որ ծանոթ թվացող հասցեից վիրուս պարունակող էլեկտրոնային նամակ ու հավելված է ուղարկվում: «Ես կարծում եմ, որ իշխանությունը փորձում է ուշադիր հետետել բոլորին, ովքեր քննադատում են իրենց»,- ասել է Ջաֆարովը:

Հաքերային հարձակումների են ենթարկվել նաև այլախոհական համարվող մի կայք, նաև «կանալ 13» առցանց տեղեկատվական կայքը: «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի եզրահանգումը միանշանակ է՝ 2015-ի նոյեմբերից Ադրբեջանի ակտիվիստները հաքերյաին լայնածավալ հարձակումների են ենթարկվել:

Բացի այդ, ադրբեջանցի անկախ լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստները ճնշումների են ենթարկվում ինտերնենտի միջոցով: Սոցցանցերում, տարբեր կայքերում (այդ թվում` իշխանության աջակցությունը վայելող) նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ, մեկնաբանություններ ու սպառնալիքներ են գրվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG