Մատչելիության հղումներ

Պուտինը գովեստով է խոսում ռուս-թուրքական կապերի վերականգնման մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, Մոսկվա, 10 մարտի, 2017թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, Մոսկվա, 10 մարտի, 2017թ.

Թուրքիայի ղեկավարը Մոսկվա է մեկնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ սրված հարաբերությունների օրերին:

Այսօր Կրեմլում Ռուսաստանի նախագահ Պուտինը, ընդունելով իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանին, ասել է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև փոխվստահության մթնոլորտ է, և կողմերը շատ արդյունավետ համագործակցում են Սիրիայի հարցում:

«Մենք շատ երջանիկ ենք, որ մեր միջպետական հարաբերություններն այդքան արագ վերականգվում են: Մեր վերջին հանդիպումը այս ձևաչափով բավական վաղուց էր, եթե չեմ սխալվում՝ 2014-ին, բայց դրանից հետո շատ բան է պատահել, մենք ակտիվորեն աշխատում ենք ռուս-թուրքական հարաբերությունները ցանկալի մակարդակի հասցնելու ուղղությամբ: Մենք ակտիվորեն աշխատում ենք աշխարհի առավել սուր ճգնաժամերը, նախևառաջ, իհարկե, Սիրիայի խնդիրը կարգավորելու վրա», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը խոսել է տնտեսական կապերի մասին, գոհունակությամբ նշելով, որ դրանք էլ այս պահին վերականգվում են:

«Ես գիտեմ, որ երեկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է այն լրացուցիչ միջոցների մասին, որոնք ձեռնարկվում են մեր առևտուրն ամբողջական մակարդակի հասցնելու համար», - ասել է Պուտինը:

Երկու ղեկավարների հանդիպումից առաջ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նեղ կազմով անցկացվելիք քննարկումների թեմաներն են Սիրիան և Անկարայում անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետաքննությունը:

Պեսկովի փոխանցմամբ, Սիրիայում կան և՛ ռուս, և՛ թուրք զինծառայողներ, և դա սերտ համագործակցություն է պահանջում:

«Սա մի գործընթաց է, որի նպատակն է ճգնաժամային հայտնի զարգացումներից հետո բարելավել մեր հարաբերությունները», - նախօրեին ասել էր Պեսկովը:

Մոսկվան և Անկարան վերջին տարիների ընթացքում տարբեր կողմերի են սատարել Սիրիայում․ թուրքերը 2015-ի նոյեմբերին խոցել էին ռուսական մարտական օդանավը, ինչին ռուսները պատասխանել են բավական կոշտ պատժամիջոցներով: Էրդողանն ի վերջո ներողություն խնդրեց:

2016-ի դեկտեմբերին Անկարայում սպանվեց Ռուսաստանի դեսպան Կարլովը: Էրդողանն անմիջապես ցավակցություն հայտնեց, Թուրքիայի մայրաքաղաքում փողոցներից մեկը վերանվանվեց դեսպանի անունով:

Այսօր նիստ է գումարում ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհուրդը: Այդ ձևաչափով բանակցություններին մասնակցում են նաև երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները:

Քննարկման թեմաներից մեկը կարող է լինել ռուսների օգնությամբ «Աքկույու» ատոմակայանի կառուցումը: Այդ մասին «Անադոլու» թուրքական գործակալությանն ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Եթե թուրքական կողմից ստացվեն անհրաժեշտ թույլտվությունները, հնարավոր կլինի ատոմակայանի կառուցումն ավարտել 2023 թվականին՝ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի տարին», - ասել է Նովակը:

Ռուսների ցանկությունն է ատոմակայանը BOO (build-own-operate) տարբերակով, որի համաձայն հենց ռուսները պետք է նախագծեն, կառուցեն, սպասարկեն, շահագործեն և հարկ եղած դեպքում շահագործումից հանեն ատոմակայանը:

Թուրքական և ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ այսօր կքննարկվի նաև ռուսական արտադրության S-400 երկիր-երկինք տեսակի հրթիռային համալիրներ թուրքերին վաճառելու հարցը, ծրագիր, որը Միացյալ Նահանգները չի ողջունում:

Էրդողանի խորհրդական Իլհուր Չելիքը «Ռոսիա-24» հեռուստակայանին տված հարցազրույցում նշել է, թե ՆԱՏՕ-ի որոշ երկրների առարկությունները կարելի է անտեսել:

«Գիտեք, ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք ունեն ռուսական արտադրության զենք և համալիրներ», - ասել է խորհրդականը:

Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ այսօրվա հանդիպման ընթացքում Պուտինը և Էրդողանը կանդրադառնան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մոսկվա է մեկնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Եվրամիության հետ սրված հարաբերությունների օրերին: Նրա որոշ մեկնաբանություններ, մասնավորապես, Գերմանիայում «նացիստական գործելակերպի» մասին հրապարակային հայտարարությունը պաշտոնական Բեռլինում ակնհայտ զայրույթ է հարցուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG