ՄԱԿ-ը Թուրքիային մեղադրել է քրդաբնակ տարածքներում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ թույլ տալու մեջ, որոնց հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցը փաստում է թուրքական զինուժի կատարած ծանր հանցագործությունները քրդական ապստամբների հետ պայքարում: «2015 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանկահատվածում Թուրքիայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են «համատարած ավերածություններ, սպանություններ և մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումներ»,- ասվում է մարտի 10-ին հրապարակված այդ փաստաթղթում:
Թուրքական բանակի, այսպես կոչված՝ «անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները» ըստ ՄԱԿ-ի, վնասել են ավելի քան 30 քաղաքներ, մինչև կես միլիոն, հիմնականում ազգությամբ քուրդ խաղաղ բնակիչներ, ստիպված են եղել լքել իրենց տները: Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 2 հազար մարդ, որոնցից 1200-ը՝ խաղաղ բնակիչներ:
«Կասկածյալներից ոչ մեկը չի ձերբակալվել, որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը, ընդգծելով, որ հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանությունները մնում են չհետաքննված: «Տպավորություն է ստեղծվում, որ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում մարդու իրավունքները պարզապես չեղյալ են հայտարարվել»,- ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: