Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը քննադատում է Մեհրիբան Ալիևայի մասին The Washington Times-ի հոդվածը: Foreign Policy-ն հրապարակման առաջին պարբերությունում հիշեցնում է՝ առնվազն 14 խղճի բանտարկյալների հայրենիք Ադրբեջանը ներկայումս ղեկավարվում է նախագահական զույգի կողմից:
Նշելով, որ վերջերս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է փոխնախագահ, հոդվածագիրը շարունակում է․ - «Նախագահի հրաժարականի դեպքում հնարավոր է հենց Մեհրիբան Ալիևան ժառանգի իշխանությունը, ինչպես ժամանակին Ալիևն է հորից ժառանգել: Այդպիսով, երկիրը վերածվել է ընտանեկան բիզնեսի»:
The Washington Times-ի՝ «Ադրբեջանի բարի կինը» (The Kind Lady of Azerbaijan) վերնագրված հոդվածում արված պնդմանը, թե Ալիևային փոխնախագահ նշանակելը «մեծ առաջընթաց է, քանի որ կինը իշխանության է գալիս մահմեդական երկրում», Foreign Policy-ն հակադարձում է՝ այդ հանգամանքը չի կարող արդարացնել կնոջն իր ժառանգորդը դարձնելու նախագահի որոշումը:
Հեղինակավոր պարբերականը պարզաբանում է, որ այդ հոդվածը գրվել է Caspian Group Holding-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբխանիի կողմից: Ամերիկյան այդ ընկերությունը, նկատում է Foreign Policy-ն, բիզնես շահեր ունի աշխարհի տարբեր երկրներում:
Foreign Policy-ի հրապարակման հեղինակ Էմիլի Տամկինը հիշեցնում է, որ 1990-ականներին Սոբխանին կարևոր դերակատարություն է ունեցել Ադրբեջանի նավթային նախագծերի շուրջ բանակցային գործընթացներում և բազմիցս գովաբանել է Իլհամ Ալիևի քաղաքականությունը՝ հայտարարելով, թե նա «բարելավել է Ադրբեջանի միջազգային հեղինակությունը»: