Մատչելիության հղումներ

«Բունդեսթագ»-ում ունեցած ելույթում Անգելա Մերկելը խստորեն քննադատել է Անկարային


Անգելա Մերկել, «Բունդեսթագ», 9-ը մարտի, 2017 թ․
Անգելա Մերկել, «Բունդեսթագ», 9-ը մարտի, 2017 թ․

Թուրք-գերմանական ճգնաժամն աստիճանաբար թափանցում է նաև Եվրամիության անդամ այլ երկրներ:

Պաշտոնական Բեռլինի համար Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են, սակայն, վերջին օրերին Անկարայից հնչող հայտարարություններն այն մասին, թե ժամանակակից Գերմանիայի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում նացիստական իշխանությունների քաղաքականությունից, անընդունելի են:

Ելույթ ունենալով գերմանական խորհրդարանի ստորին պալատի` «Բունդեսթագ»-ի անդամների առջև, այսօր նման հայտարարություն արեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը նացիոնալ-սոցիալիզմի դարաշրջանին բնորոշ գործելաոճ որդեգրելու մասին հայտարարությունները որևէ արդարացում չունեն:

Դրանք չեն կարող արդարացվել անգամ կառավարման նախագահական համակարգի օգտին անցկացվող այն քարոզարշավի համատեքստում, որ ծավալվել է Թուրքիայում: Ես կոչ եմ անում թուրք քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ նման հայտարարություններից, քանի որ դրանք սազական չեն քաղաքական, հասարակական և տնտեսական հարաբերությունների այն մակարդակին, որ գոյություն ունի Թուրքիայի և Գերմանիայի միջև: Այս հայտարարությունները վշտացնող են ու ընկճող, դրանք նվաստացուցիչ են Հոլոքոսթի զոհերի համար և, ըստ իս, լուրջ մեկնաբանության անգամ արժանի չեն», - հայտարարել է Մերկելը:

Բեռլինի և Անկարայի հարաբերություններում հերթական ճգնաժամը ծագեց այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանություններն արգելեցին թուրք պաշտոնյաներին՝ հանդիպում ունենալ ԳԴՀ-ում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակում: Գերմանական լրատվամիջոցների հաշվարկներով, Գերմանիայի տարածքում բնակվող և Թուրքիայի ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը գերազանցում է 1 միլիոնը:

Գերմանական իշխանություններն անցած շաբաթ արգելեցին միանգամից մի քանի քաղաքներում` Քյոլնում, Լևերկուզենում և Համբուրգում նախատեսված քարոզչական հանրահավաքները: Անցած կիրակի Ստամբուլում, անդրադառնալով գերմանական իշխանությունների գործողություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել էր․ «Գերմանիա, դու որևէ առնչություն չունես ժողովրդավարության հետ: Քո բոլոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական շրջանի քաղաքականությունից»:

Թուրք պաշտոնյաների հնչեցրած այս կոշտ հայտարարությունների ֆոնին, սակայն, Գերմանիայի իշխանությունները շարունակում են ընդգծել` Թուրքիայի հետ կապերի վերջնական խզումը հակասում է երկրի և ողջ Եվրոպայի շահերին: «Դեռ երբեք մեր հակասություններն այսքան զգալի չեն եղել: Մյուս կողմից, սակայն, Եվրոպան և Թուրքիան ընդհանուր լուրջ շահեր ունեն: Մեր տեսանկյունից արժե անել ամեն ինչ՝ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները բարելավելու համար: Դա, սակայն, պետք է արվի մեր կողմից դավանած արժեքների հիման վրա և մեր հստակ ակնկալիքներով»,- նաև հայտարարել է Անգելա Մերկելը՝ «Բունդեսթագ»-ում հնչեցրած իր ելույթում:

Դաշնային կանցլերի այս խոսքին Թուրքիայի իշխանությունների առաջին արձագանքը, մինչդեռ, իր տոնայնությամբ առանձնապես չի տարբերվել շաբաթասկզբին հնչեցրած հայտարարություններից: Մերկելի ճառից մի քանի ժամ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարը փոքր-ինչ քողարկված ձևով կրկնել է Էրդողանի վիճահարույց հայտարարությունը: «Մենք գերմանական կառավարությանը որպես նացիստական չէինք որակել: Մենք պարզապես նկատել էինք, որ նրանց գործողությունները հիշեցնում են նացիզմի դարաշրջանը»,- հայտարարել է Մեվլութ Չավուշօողլուն:

Թուրք-գերմանական այս ճգնաժամն աստիճանաբար սկսում է թափանցել նաև Եվրամիության անդամ այլ երկրներ: Անցած շաբաթավերջին Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը կոչ արեց արգելել թուրք պաշտոնյաներին՝ Եվրամիության տարածքում քարոզչական հանրահավաքներ անցկացնել: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ևս հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը կանի հնարավորը՝ երկրի տարածքում կազմակերպվող քարոզչական հանրահավաքներին թուրք պաշտոնյաների մասնակցությունը բացառելու համար:

«Թուրքիայի արտգործնախարարն, օրինակ, պատրաստվում է ժամանել Նիդերլանդներ` մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ընդամենը չորս օր առաջ: Այժմ կառավարությունը փորձում է իրավական ուղիներ գտնել` թուրք պաշտոնյաների այցերը կանխելու համար»,- նշել է Ռյուտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG