Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Ընտրությունը կինոյի և իրականության միջև է


Մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնին հարակից հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում «Ելք» դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ապրիլի 2-ին Հայաստանի քաղաքացիների ընտրությունը «կինոյի և իրականության միջև է»:

«Հայաստանի քաղաքացին պետք է կատարի իր ընտրությունը։ Մենք քաղաքացուն ասում ենք՝ դու որոշող ես, որոշիր, և մենք քո որոշումը կդարձնենք իրականություն։ Այն կինոն, որ ձեզ ցույց են տալիս, Հայաստանի քաղաքացինե՛ր, դուք պարտավոր եք մերժել այդ կինոն, և մենք ձեզ կօգնենք այդ կինոն մերժելու և մեր իրականությունը կինոյին համաժեք դարձնելու հարցում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա կարծիքով, իշխող Հանրապետականի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը «ձախողված» է․ - «Անվտանգությունը պատկերված է նատովկա՝ այսինքն զինվորական հագուստ հագած Սերժ Սարգսյանի տեսքով: Եվ նրա այդ կերպարի ուղերձը հանրությանը՝ որ ինքը հանրությանը, Հայաստանին անվտանգություն ապահովող է: Սա չափազանց ձախողված ուղերձ է, որովհետև Սերժ Սարգսյանը 25 տարվա պատմության մեջ առաջին պետության նոմինալ ղեկավարն է, որի իշխանության օրոք հայ ժողովուրդը 800 հեկտար տարածք է կորցրել: Էդպե՞ս եք ապահովում Հայաստանի անվտանգությունը․․․ Որ հիմա էլ Կարեն Կարապետյանն ասում ա՝ դե գիտեք, մեր տանկերը խոդ չեն ընկնում»:

Ըստ Փաշինյանի՝ իշխող կուսակցության առաջընթացի խորհրդանիշը Կարեն Կարապետյանն է, և այդ հարցում նրա աջակիցներն են, օրինակ, Ավանում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգական Ռոբերտ Սարգսյանը, ով «խորհրդարանում տարիներ շարունակ ծպտուն չի հանել», Կենտրոն համայնքում՝ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը և այլն․ - «Կենտրոն համայնքում Կարեն Կարապետյանը և իր կուսակցությունը առաջադրել են Բեգլարյան հռչակավոր ընտանիքի ներկայացուցչին՝ Հակոբ Բեգլարյանին, որի քաղաքական կարիերայի ամենաբարձր գագաթը եղել է Պետական գնումների գործակալության պետ լինելը․ այն Պետական գնումների գործակալության, որը առնում է էն վառելիքը, որ լցվում է էն տանկերի մեջ, որոնք խոդ չեն ընկել, խող չեն ընկնում ու խոդ չեն ընկնելու: Մալաթիայում Կարեն Կարապետյանի առաջընթացի պարտնյորը Սամվել Ալեքսանյանն է․․․ Էդպիսի առաջընթաց ոչ մի երկրում երբեք չեն տեսել: Արմավիրի մարզում Կարեն Կարապետյանի առաջընթացի պարտնյորը Առաքել Մովսիսյանն է»:

Դաշինքի ցուցակի 2-րդ համարը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, կրկին անդրադառնալով իշխող կուսակցության քարոզարշավին, ուշադրություն հրավիրեց տեսահոլովակների վրա։

Նրա համոզմամբ՝ դրանցում պատկերված չէ իրական Հայաստանը․ - «Տեսահոլովակ են ստեղծել, որտեղ իրենց վարչապետին տվել են թմբուկ նվագել, որում ներգրավել են երիտասարդների, որոնք հագնված են մոդայի վերջին խոսքով, Լոնդոնի ոսկե երիտասարդության փարթիի ամենաբարձր դրսևորումներով ու ուզում են մեզ ասել, որ իրենց էսօրվա Հայաստանը դա է: Եթե էսօրվա Հայաստանը դա է, Հանրապետական իմ ախպերներ, բա էլ ի՞նչն եք ուզում փոխել: Էդ դեպքում ամբողջ աշխարհը պիտի գա այդ Հայաստանից բան սովորի, տեսնի, թե մենք ինչքան բարեկեցիկ ենք ապրում»:

Դաշինքի մեկ այլ ղեկավար ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանը զոհեց 10 տղաների, որոնք ցանկանում էին փոխել իրականությունը, որը հնարավոր է փոխել հիմա․ - «Բայց էսօր ծանր էս իրավիճակից ելնելու համար իմ խնդրանքն ա, մենք ձեզնից շատ բան չենք ուզում․․․ Ես պատերազմ անցած մարդ եմ, ես չեմ ասում ձեզ՝ եկեք գնանք, կանգնեք թշնամու դեմ, զոհվեք․․․ Ընդամենը ասում եմ՝ այսօրվա իշխանության ձևավորված այս կոռուպցոն, այս կեղտոտ համակարգը էնքա՜ն են ընտրել մի ձայնով․․․ Ուրիշ բան չենք ուզում, մենք պատրաստ ենք, կանգնելու ենք: Ընդամենը ձեր մի ձայնով զորավիգ եղեք մեզ, որ մենք փրկենք մեր երկիրը, մեր ժողովուրդը»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը բացեց հանրահավաքը։ Ըստ նրա, քաղաքում լուրեր են պտտվում, թե իշխող Հանրապետականի որոշ ներկայացուցիչներ այսօր գեղեցկության սրահներում ընտրակաշառքի փոխարեն վճարել են կանանց վարսահարդարման դիմաց։

Իսկ «Ելք» դաշինքը, Մարուքյանի վստահեցմամբ, այլ Հայաստան է խոստանում․ - ««Ելք» դաշինքը նման բաներ չի անում: «Ելք» դաշինքը փոփոխություններ է առաջարկում: «Ելք» դաշինքը այնպիսի երկիր է առաջարկում, որտեղ դուք ինքներդ կգնաք ձեր գումարով վարսավիրանոց և գեղեցկության սրահներ կայցելեք․․․ Այ սրա համար կա «Ելք» դաշինքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG