Մատչելիության հղումներ

Ծառուկյանը ամենահարուստն է ըստ ներկայացված հայտարարագրերի


Առաջիկա խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած դաշինքների և կուսակցությունների առաջին համարը զբաղեցնող թեկնածուների ընդհանուր եկամուտներն ու դրամական միջոցները միասին վերցված ավելի քիչ են, քան «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եկամուտներն ու դրամական միջոցները։

Այսպես՝ Ծառուկյանի եկամուտը մոտ 76 անգամ շատ է, քան մյուսների եկամուտը միասին։

Այս մասին վկայում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը, որոնք պարունակում են անցած մեկ տարվա ընթացքում պաշտոնյաների տարեկան եկամուտների ու դրամական միջոցների, ձեռք բերած գույքի մասին տեղեկություններ։

Ծառուկյանը 2016-ի ավարտին ունեցել է 177 միլիոն դրամ, 4.5 միլիոն դոլար և 4 միլիոն եվրո գումար։

Ընդհանուր առմամբ, անցած՝ 2016 թվականին «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը ստացել է 5 միլիարդ դրամի եկամուտ՝ աշխատավարձի, ինչպես նաև այլ միջոցների հաշվին:

2016-ին Ծառուկյանը երկու թանկարժեք ավտոմեքենա է գնել՝ BENTLEY-ն գործարար պատգամավորը գնել է 186 հազար եվրոյով, իսկ MERSEDES-ի համար վճարել է ավելի քան 88 միլիոն դրամ։ Գագիկ Ծառուկյանն անցած տարի, ըստ հայտարարագրի, ևս երկու թանկարժեք գնում է կատարել՝ 250 հազար եվրոյով վարագույր է գնել, 118 հազար եվրոյով էլ՝ կահույք։

Իշխող Հանրապետականի նախընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2016-ին ստացել է 15 միլիոն դրամի եկամուտ՝ աշխատավարձի կամ այլ միջոցների հաշվին։

Վերջին հինգ տարում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի դրամական միջոցները 2016-ին ավելացել են՝ կազմելով 90 հազար դոլար և 4 հազար եվրո:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը գլխավորող, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2016-ի եկամուտը կազմել է 12.5 միլիոն դրամ՝ բաղկացած թոշակից ու իրեն պատկանող տարածքի վարձակալության գումարից։

Հաջորդ տեղում է նախկին «Օրինաց երկրի», այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն՝ իր 11.5 միլիոն դրամ եկամուտով։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջին տեղը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանն էլ, ըստ հայտարարագրի, անցած տարի 8 միլիոն դրամ եկամուտ է ունեցել, նաև իր հաշվին ունեցել է 2 միլիոն դրամ և 50 հազար դոլար գումար։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջինը համարի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարագիրը ևս չի առանձնանում իր բազմազանությամբ։ Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչություններում բարձր պաշտոններ զբաղեցրած Օհանյանի անցած տարվա եկամուտը կազմել է 7 միլիոն դրամ՝ աշխատավարձն ու կենսաթոշակը։ Նախարարի պաշտոնից ազատվելու դրությամբ, նրա հաշվին նաև առկա է եղել 18 միլիոն դրամ։

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը անցած տարի 8 միլիոն դրամի եկամուտ է ունեցել։ Անկախ պատգամավոր Մարուքյանը հայտարարագրել է 2.5 միլիոն դրամ, 2 հազար դոլար և 20 եվրո գումար։

Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը 2016-ի ընթացքում 7 միլիոն դրամ եկամուտ է ունեցել աշխատավարձի և այլ միջոցների հաշվին։ Ռուստամյանը հայտարարագրել է 20 միլիոն դրամ, 12 հազար դոլար և 5.5 հազար եվրո դրամական միջոցներ:

Ամենափոքր եկամուտը 2016-ին ունեցել է Կոմունիստական կուսակցության առաջին հորիզոնականը զբաղեցնող Տաճատ Սարգսյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ միակ եկամուտը պատգամավորական թոշակն է՝ ամսական 165 հազար դրամ: Տարեկան այն կազմում է մոտ 2 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG