Մատչելիության հղումներ

Ռեքս Թիլերսոն․ Վաշինգտոնն այսուհետ էլ աջակցելու է Ուկրաինային


Պավել Կլիմկին և Ռեքս Թիլերսոն, Վաշինգտոն, 7-ը մարտի, 2017 թ․
Պավել Կլիմկին և Ռեքս Թիլերսոն, Վաշինգտոն, 7-ը մարտի, 2017 թ․

Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ Վաշինգտոնից օգնություն են խնդրում՝ Ռուսաստանի հնարավոր ներխուժմանը, այդ թվում, կիբերհարձակումներին դիմակայելու համար:

Ուկրաինայի արտգործնախարարը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Լեհաստանի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպանները դիմել են ամերիկյան սենատորներին՝ խնդրելով թույլ չտալ պաշտոնական Վաշինգտոնին՝ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի բռնակցումից հետո:

«Մինչև Ռուսաստանը չհեռանա ուկրաինական հողերից, պատժամիջոցները չպետք է չեղարկվեն: Ավելին՝ դրանք պետք է էլ ավելի խստացվեն»,- ԱՄՆ-ի Սենատում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Պավել Կլիմկինը: Նշված մյուս երկրների ներկայացուցիչները միացել են ուկրաինացի նախարարի այդ պահանջին:

Նրանք, իրենց հերթին, պատմել են իրենց երկրներում ռուսական գործոնի և դրա ազդեցության հնարավոր բացասաական հետևանքների մասին: Դիվանագետներն իրենց ելույթներում ընդգծել են նաև ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը: «Մենք լրջորեն մտածում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ-ում Լեհաստանի դեսպան Պյտր Վիլչեկը:

Պետդեպի աշխատանքները վերահսկող ենթահանձնաժողովի ներկայացուցիչ, Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը չի թաքցնում՝ առկա է մտավախություն առ այն, որ իր կուսակից նախագահը կարող է հրաժարվել Մոսկվայի հետ դիմակայությունից՝ չեղարկելով պատժամիջոցները: Գրեմը պնդել է՝ Վաշինգտոնը պետք է օգնի Արևելյան Եվրոպային, ինչը կարևոր է նաև ԱՄՆ-ի անվտանգության համար: «Որքան անվտանգ լինեք դուք, այնքան անվտանգ կլինենք մենք»,- ասել է հանրապետական սենատորը:

Սենատում տեղի ունեցած այս լսումները հաջորդել են Ուկրաինայի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը: Սա երկու դիվանագետների առաջին հանդիպումն է՝ ամերիկյան վարչակազմի փոփոխությունից հետո: Ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ռեքս Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն այսուհետ էլ աջակցելու է Ուկրաինային, իսկ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը, ագրեսիայի դադարեցումը և Դոնբասի ու Ղրիմի ապաօկուպացումը:

Ամերիկյան պետքարտուղարությունն իր հերթին է վերահաստատել՝ Վաշինգտոնը հետագայում էլ պատրաստակամ է օգնելու Ուկրաինային: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պետքարտուղարություում կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ: Այն, ի դեպ, տեղի է ունեցել Թրամփի պաշտոնակալության ստանձնումից հետո առաջին անգամ:

Մարկ Թոները նշել է, որ Ռեքս Թիլերսոնի ու Պավել Կլիմկինի զրույցի կենտրոնական թեման Ուկրաինայի ներքին խնդիրներն են եղել, ինչպես նաև՝ մինսկյան համաձայնությունների իրականացման շուրջ պահպանվող անգհանգստությունը: Թոների բնորոշմամբ՝ հանդիպումը լավ է անցել, կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքը: Պետքարտուղար Թիլերսոնը հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունն այն պարտավորություններին, որոնք ստանձնել է Ուկրաինայի հարցում, ընդգծել է Թոները:

Թիլերսոնի և Կլիմկինի հանդիպումը տեղի էր ունենում այն պահին, երբ Հաագայի դատարանն ուսումնասիրում էր պաշտոնական Կիևի հայցն ընդդեմ Մոսկվայի: Ուկրաինայի իշխանությունները միջազգային դատարանին են ներկայացրել ապացույցներ, որոնք, Կիևի համոզմամբ, պետք է ստիպեն միջազգային հանրությանը՝ շուտափույթ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի արևելքի հակամարտության հնարավոր սրացումը կանխելու համար:

Կիևը, մասնավորապես, փորձում է Մոսկվային պատասխանատվության ենթարկել «Ուկրաինայի արևելքում ահաբեկչությանն աջակեցելու, բռնակցված Ղրիմում էթնիկ ուկրաինացիներին և ղրիմի թաթարներին խտրականության ենթարկելու համար»,- ասվում է հայցի վերաբերյալ Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG