Մատչելիության հղումներ

ԿԸՀ․ Ծառուկյանը խախտում է օրենքը


Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպմանը Տավուշի մարզում: 7-ը մարտի, 2017 թ․
Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպմանը Տավուշի մարզում: 7-ը մարտի, 2017 թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ դրամական ու նյութական խոստումներով երեկ քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ «Ծառուկյան դաշինքը» զգուշացվել է․ - «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաև իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի և հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»:

Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

«Ծառուկյան դաշինքը» գլխավորող Գագիկ Ծառուկյանը, մինչդեռ, երեկ Տավուշի մարզի բնակիչներին խոստանում էր հաշված օրերի, անգամ ժամերի ընթացքում օգնություն տրամադրել։ Իրենից գումար աղերսող տասնյակ քաղաքացիներից մեկին Ծառուկյանը հենց հանրահավաքի ընթացքում ընդառաջեց։

Աղ ու հացով, երգ ու պարով Ծառուկյանին դիմավորելու եկած մյուս բնակիչները, նույնպես հանդիպումից դժգոհ չմնացին։ Նրանցից մեկին, օրինակ, Ծառուկյանը խոստացավ կարճ ժամանակում աջակցել վիրահատության համար․ - «Վաղը կգաս Էրեվան, քո օպերացիան կանենք»:

Բուժծառայություններից բացի, միլոնատեր պատգամավորը խոստացավ շենքերից մեկը գազիֆիկացնել․ - «Վաղը որ էս մարդու գազը քաշված լինի»:

Խոստացավ գնել գյուղացիների բերքը․ - «Պարոն Ծառուկյանը բոլորիդ խոսք ա տալիս, որ կգա, 150 դրամով ձեր խաղողը կընդունի»:

Սահմանամերձ գյուղերից մեկին տրամադրել գյուղտեխնիկա, աջակցել քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անսարքությունը վերացնելուն։

Կատարվածի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նրա խոսնակ, նաև «Ծառուկյան դաշինքի» ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը խնդրեց փոքր-ինչ ուշ զանգահարել, ու մինչև ռեպորտաժի հրապարակումը այդպես էլ չպատասխանեց զանգերին։

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ՝ Տիգրան Մուկուչյանից պահանջելով զգուշացնելու փոխարեն «Ծառուկյան դաշինքի» դեմ վարույթ հարուցել ու համապատասխան որոշում կայացնել։

Նախաձեռնության խոսնակ Դանիել Իոանիսյանն ընդգծում է, որ իշխանություն թե ընդդիմութուն՝ բոլոր կուսակցությունները պարտավոր են հարգել Ընտրական օրենսգիրքը․ - «Քաղաքացիների կարծիքի վրա չպետք ա ազդի, թե ով ինչ բարեգործություն արեց: Քաղաքացիների կարծիքի վրա պետք է ազդի, թե ով ինչպես է երկիրը կառավարելու՝ եթե գա իշխանության»:

XS
SM
MD
LG