Մատչելիության հղումներ

Ակտիվիստ կանայք ծաղիկների փոխարեն իրավունքներ են պահանջում


Կանանց ակցիա, Երևան, 8-ը մարտի, 2017 թ․

«Ինձ իմ իրավունքներն են պետք, ոչ թե ծաղիկներ»։ Այս կարգախոսի ներքո ընթացավ այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկած երթը, որի կազմակերպիչները քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող կանայք էին: Մինչդեռ, այս ակցիային զուգահեռ, հրապարակի մյուս կողմում, «Ծառուկյան դաշինքի» անունից ծաղիկներ բաժանող բեռնատար ավտոմեքենայի մոտ կանանց հերթ էր գոյացել:

Ծաղիկների փոխարեն իրավունք պահանջող ակտիվիստները պաստառներով, տեղեկատվական թերթիկներով փորձում էին անցորդներին հասանելի դարձնել իրենց տեսակետը։ Նրանք պնդում էին՝ մարտի 8-ին ծաղիկների և օծանելիքների միջոցով տղամարդիկ ցանկանում են, որ կանայք «շարունակեն հնազանդորեն սպասարկել իրենց»։

Ակցիայի մասնակիցների համար մարտի 8-ը կանանց համար «սոլիդարության, ինքնակազմակերպման ու դիմադրության օր է»։ Որպես կնոջ իրավունքների ոտնահարման դեպք՝ ցուցարարները հիշեցրին անցյալ մայիսին Հանրապետության հրապարակի շատրվան մտած Արմինե Առաքելյանի հետ կատարվածը։ Նրան շատրվան մտնելու համար իրավապահները ձեռնաշղթաներ էին հագցրել և տեղափոխել հոգեբուժարան: Շատրվան մտնելն օրենքով արգելված չէ, շեշտում էին նրանք:

«Ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները Արմինեին հասցրել էին կատաղության, այնուհետև բռնի տեղափոխել հոգեբուժարան: Հարգելի կանայք, հատկապես կանանց է ուղղված խոսքս, անտարբեր չլինենք իրար նկատմամբ, լինենք սոլիդար միմյանց նկատմամբ, ուժ տանք, որպեսզի մեզ չփոշիացնեն տարատեսակ բանտերում, գաղութներում, հիվանդանոցներում, այլ անմարդկային վայրերում»,- իր ելույթում ասաց ակտիվիստներից մեկը:

Իրենց ցույցն ինքնաբուխ ու անկազմակերպ որակած քաղաքացիներն ապա քայլեցին Նալբանդյան փողոցով։ Կանանց իրավունքների ենթատեքստում շոշափված հաջորդ թեման հանքարդյունաբերությանն էր վերաբերում։ Ակտիվիստները վստահ են՝ այն ավելի շատ վնասում է կանանց, քան տղամարդկանց․ «Բացահանքերում հիմնականում աշխատում են տղամարդիկ, իսկ կանայք, ովքեր նախկինում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, անտառային բարիքների հավաքչությամբ ու վաճառքով, փաստացի զրկվում են իրենց հիմնական աշխատատեղից, փողից»:

Ցուցարարների հաջորդ կանգառն Ազգային անվտանգության ծառայության շենքի մերձակա տարածքն էր, կարգախոսը՝ «Ոչ բռնությանը, թե դրսում, թե տանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG