Մատչելիության հղումներ

Հունգարիան նոր միջոցներ է ձեռնարկում ներգաղթյալների դեմ


Փախստականներ Հունգարիայում, արխիվ
Փախստականներ Հունգարիայում, արխիվ

Հունգարիան որոշեց սահմանների մոտ կենտրոնացված ճամբարներում պահել բոլոր ներգաղթյալներին և փախստականի կարգավիճակ հայցողներին՝ մինչև նրանց գործերի ու դիմումների ուսումնասիրության ավարտը: Որոշումն ընդունվեց՝ չնայած իրավապաշտպան խմբերի քննադատությանն ու բողոքներին:

Հունգարիայի խորհրդարանում օրենքն ընդունվեց ձայների բացարձակ գերակշռող հարաբերակցությամբ՝ 138 կողմ, 6 դեմ, 22 ձեռնպահ:

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, թե քվեարկության արդյունքը արձագանք է Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին:

Ըստ ընդունված օրենքի՝ ներգաղթյալներն և փախստականի կարգավիճակ հայցողները մեխանիկորեն, ավտոմատ կերպով տեղափոխվելու են այդ ճամբարները: Դիմումների քննության ընթացքում նրանց թույլ չի տրվելու տեղաշարժվել, մեկնել Հունգարիայի այլ շրջաններ, նրանք միայն կարող են հետ գնալ Սերբիա, որտեղից մտել են Հունգարիա:

Հունգարիա-Սերբիա սահմանին 2015 թվականից գոյություն ունեն «տարանցիկ գոտիներ»: Այդ գոտիներում են տեղակայվելու նոր ճամբարները, որոնք կառուցվելու են մեծ բեռնարկղերից, ասել է հունգարացի պաշտոնյաներից մեկը:

Երկրի վարչապետը, ելույթ ունենալով սահմանապահ նոր խմբի երդմնակալության արարողությունը, որոնց տեղացիները «սահմանային որսորդներ» են կոչում, ասել է, թե «Հունգարիան պաշարման մեջ է»: «Հունգարիան պաշտպանվելու համար պետք է հույսը միայն իր վրա դնի», - հայտարարել է նա:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը խորը մտահոգություն է հայտնել Հունգարիայում ընդունված նոր օրենքի կապակցությամբ:

«Այդ նոր օրենքը խախտում է միջազգային և եվրոպական օրենքների հանդեպ Հունգարիայի հանձնառությունները և ֆիզիկական ու հոգեբանական զարհուրելի հետևանքներ կունենա երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա, որոնք արդեն շատ են տառապել», - նշված է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի փախստականների հարցերով գործակալության հայտարարությունում:

Ներգաղթյալների դեմ նոր միջոցները վարչապետ Օրբանի հակամիգրացիոն կոշտ քաղաքականության վերջին պտուղներն են: 2015 թվականից Հունգարիան ռազմական ռեժիմի սահման է ստեղծել Սերբիայի ու Խորվաթիայի սահմանին, հազարավոր միգրանտների է արտաքսել, ոմանց նաև բանտ նստեցրել՝ սահմանը ապօրինի խախտելու մեղադրանքով:

Այս տարի, ըստ Հունգարիայի կառավարության, 1004 ներգաղթյալ դիմել է երկրում փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG