Մատչելիության հղումներ

Ապրիլյան սահմանադրական հանրաքվեին պատրաստվող Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը փորձում է աջակցություն ապահովել նաև արտասահմանում բնակվող հարյուր հազարավոր թուրքերի շրջանում:

Գերմանիայում, սակայն, իշխանությունները չեն արտոնել թուրք պաշտոնյաների հանդիպումը Համբուրգի համայնքի հետ, ինչին ի պատասխան, նախագահ Էրդողանը կանցլեր Անգելա Մերկելի կառավարությանը մեղադրել է «նացիստական» գործելակերպի մեջ: Այդ վիրավորական համեմատությունն էլ ավելի է շիկացրել երկկողմ հարաբերությունները:

«Ես գնալու եմ, ոչ ոք չի կարող ճանապարհս փակել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այսօր մտադիր էր Համբուրգում հանդիպել այնտեղ բնակվող հայրենակիցների հետ: Համբուրգի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվում է, քանի որ ընտրված սրահի հրդեհային պաշտպանության համակարգն անհրաժեշտ պահանջներին չի համապատասխանում:

Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությանն անհրաժեշտ են Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների ձայները: Ընդհանուր հաշվով՝ Գերմանիայում ապրում է թուրքական ծագում ունեցող 3-ից 4 միլիոն մարդ, որոնցից Թուրքիայի քաղաքացիություն ունի մոտ 1 և կես միլիոնը: Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեին ներկայացվելու են Սահմանադրության լրամշակումներ, որոնք ուղղված են նախագահի ինստիտուտի հզորացմանը:

Էրդողանն աջակցություն է ակնկալում ոչ միայն Գերմանիայում, այլև եվրոպական այլ երկրներում ապրող թուրքերից: Կառավարությունը հավաստիացնում է, որ Սահմանադրության փոփոխությունները կնպաստեն Թուրքիայի կայունությանը, մինչդեռ, ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը կստանա գրեթե անսահանափակ լիազորություններ, իսկ Թուրքիան կվերածվի ավտորիտար պետության:

Գերմանական քաղաքներում նախընտրական հանդիպումները չեղարկելու որոշումները զայրացնում են նաև թուրք ընդդիմադիրներին, քանի որ նրանք էլ են ցանկանում հանդիպել համայնքների ներկայացուցիչների հետ և քվեներ կորզել: «Ես կարծում էի, թե նացիստական ժամանակաշրջանը Գերմանիայում ավարտվել է, բայց ոչ, հիմա տեսնում եմ, որ այն շարունակվում է: Իմ նախարարներից մեկը, ով պետք է հանդիպեր ձեր նախարարին, մտադիր էր հանդես գալ ելույթով, ինչո՞ւ եք խանգարում, եթե դեմոկրատիայից եք բարբաջում»,- չեղարկման առնչությամբ, ասել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերը երեկ քննադատել է Էրդողանի կիրակնօրյա մեկնաբանությունները, նշելով․ «Դաշնային կառավարությունը շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններով: Մենք ունենք լավ տնտեսական կապեր, մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, այդօրինակ համեմատություններն անհեթեթ են և անտեղի»:

Էրդողանի հիշյալ հայտարարությանն արձագանքել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, ասելով, թե նմանօրինակ գնահատականների անգամ մեկնաբանումն է անիմաստ, մանավանդ, եթե դրանք հնչեցվում են Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի օգնականը հայտարարել է, որ արտգործնախարարը, միևնույն է, այսօր Համբուրգում կհանդիպի իր հայրենակիցներին և ելույթ կունենա նրանց առջտ: Ըստ օգնականի, հնարավոր է, որ հանդիպումը տեղի ունենա նախապես ընտրված սրահում կամ որևէ այլ կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG