Մատչելիության հղումներ

Անթալիայում հանդիպել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը


Ձախից աջ, գեներալներ Ջոզեֆ Դանֆորդը, Հուլուսի Աքարը և Վալերի Գերասիմովը, Անթալիա, 7-ը մարտի, 2017 թ․
Ձախից աջ, գեներալներ Ջոզեֆ Դանֆորդը, Հուլուսի Աքարը և Վալերի Գերասիմովը, Անթալիա, 7-ը մարտի, 2017 թ․

Ըստ միջազգային լրատվամիջոցների, «աննախադեպ» այդ հանդիպման ժամանակ, ենթադրաբար, քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հաջորդ փուլը, այդ պայքարում գործողությունների կոորդինացման հետ կապված հարցեր:

Թուրքիայում հանդիպել են ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկվար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը և Թուրքիայի բանակի գեներալ, ԶՈՒ շտաբի պետ Հուլուսի Աքարը: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային հանգստավայր Անթալիայում:

Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ եռակողմ այդ հանդիմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորպես, իրավիճակը Սիրիայում և Իրաքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Որոշ դիտարկումներով, այս ձևաչափով հանդիպումն աննախադեպ է՝ սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր: Ըստ միջազգային լրատվամիջոցների, ենթադրաբար, քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հաջորդ փուլը, այդ պայքարում գործողությունների կոորդինացման հետ կապված հարցեր:

Սիրիայում և Իրաքում պայքարելով ԻՊ-ի գրոհայինների դեմ, Վաշինգտոնը, Մոսկվան ու Անկարան տաբեր ուժերի են սատարում: ԱՄՆ-ն աջակցում է «Սիրիական ժողովրդավարական ուժերին», Թուրքիան՝ ապստամբների բանակին ու դրան առնչվող ջոկատներին, իսկ Ռուսաստանը՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորած կառավարական զորքերին:

Այսօրվա դրությամբ, այդ ուժերը զգալի հաջողություններ են արձանագրել ծայրահեղ իսլամիստների դեմ պայաքում: ԱՄՆ-ի աջակցությամբ, Իրաքի բանակն այս օրերին ԻՊ-ի ջոկատներից ազատագրում է երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլը: Իսկ Սիրիայում ԱՄՆ-ի աջկացությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ջոկատները փակել են Դեր էլ-Զորից դեպի ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքա տանող հիմնական ճանապարհը:

Ռուսաստանի աջակցությամբ էլ Սիրիայի կառավարական զորքերն իսլամիստներից Պալմիրա հինավուրց քաղաքն ազատագրելուց հետո հաջողություններ են գրանցում նաև Հալեպի շրջանում՝ Եփրատի ուղղությամբ: Թուրքիայի աջակցությամբ էլ սիրիացի ապստամբներն ազատել են սիրիական Ալ-Բաբ քաղաքն ու Թուրքիային սահմանամերձ այլ բնակավայրեր:

Այդուհանդերձ, այս ուժերի միջև նաև լուրջ տարաձայնություններ կան: Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների բանակն, օրինակ, միաժամանակ կանխում է նաև նույն իսլամիստների դեմ պայքարող քրդական ջոկատների առաջխաղացումը: Անկարան բազմիս հայտարարել է, որ քրդական ջոկատները չպետք է անցնեն Եփրատի արևմտյան ափը: Թուրքիան այդ գործողությունն անվանել է «Եփրատի վահան»:

Մինչդեռ, ԱՄՆ-ի աջակցությունը ստացող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կազմի մեջ են մտնում նաև «Քրդական ժողովրդի պաշտպանության միավորներ» կոչվող ջոկատները: Վերջիններիս, սակայն, Թուրքիան ահաբեկիչական է համարում, պնդելով, որ այն կապեր ունի Քրդական աշխտավորական կուսակցության հետ:

Մինչ Անթալիայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի եռակողմ հանդիպումը, Ջոզեֆ Դանֆորդը վերջերս Բաքվում արդեն հանդիպում էր ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Վալերի Գերասիմովի հետ: Այնուհետև Դանֆորդը Բաքվից մեկնել էր Թուրքիա, որտեղ «Ինջիրլիկ» ռազմակայանում հանդիպել էր Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին:

«Անադոլու» գործակալությունն այսօրվա հանդիպման մասին իր հաղորդման մեջ նաև հիշեցնում է, որ առաջիկա հինգշաբթի օրը նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երկօրյա այցը Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG