Մատչելիության հղումներ

«Ազատության» հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը փոխանցեց, որ 25 օր հացադուլի մեջ գտնվող Արթուրը համալիր հետազոտություններ կանցնի, ինչից հետո պարզ կդառնա նրա առողջական վիճակն ու ըստ դրա արդեն բուժում կնշանակվի․ - «Նախնական տվյալներով գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120-80, պուլսը 88, ջերմություն չունի: Բայց նրա ընդհանուր վիճակի մասին վերջնական պատասխանելու և գնահատելու հարկավոր են որոշակի քննություններ, իսկ դա ժամանակ է պահանջում»:

Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով, Արթուր Սարգսյանի վիճակը ծանր է․ - «Հիմա պետք է մասնագիտական օգնություն ստանա, որպեսզի կարողանա դուրս գալ հացադուլից»:

Գլխավոր դատախազությունը «Հաց բերողի» կալանքը փոխարինելու մասին որոշում կայացրեց մի խումբ պատգամավորների հետ այսօր առավոտյան հանդիպումից հետո։

Պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ստորագրահավաք էին կազմակերպել «Հաց բերողին» անհապաղ ազատ արձակելու պահանջով։ 27 պատգամավոր երաշխավորել, որ ազատության մեջ Սարգսյանը չի խոչընդոտի նախաքննությանը, չի թաքնվի իրավապահներից։

Այսօր առավոտյան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Միքայել Մանուկյանը տեսակցել էին հաց բերողին։ Յուրաքանչյուր պատգամավորկես միլիոն դրամ, իսկ ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ վճարեցին որպես անձնական երաշխավորության գումար։

«Գնացինք հանդիպման Արթուր Սարգսյանի հետ, խսեցինք նրա հետ: Նա շատ ծանր վիճակում է: Էն վիճակում է, որում մարդը գտնվում է այդքան երկար ժամանակ հացադուլի մեջ․․․ Բայց լրիվ հստակ և ադեկվատ մոտեցում կան», - փոխանցեց Լևոն Զուրաբյանը:

«Առողջականը իսկապես վատ էր: Աչքերը չէր կարողանում բացել, լույսին նայել», - հավելեց Արամ Մանուկյանը:

Էդմոն Մարուքյանն․ - «Ցանկացանք, որ շատ արագ կազդուրվի, վերականգնի առողջությունը, և մենք կապի մեջ կլինենք որպես անձնական երաշխավորներ»:

«Մենք իր հետ զրույց ենք ունեցել, և զրույցի ամենակարևոր մասը էն էր, որ ինչքանով ա ինքը ընդհանրապես խուսափում ներկայանալ, ինչքանով ա խուսափում քննությունից», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՊՊԾ Գնդի տարածքի գրավման օրերին Արթուր Սարգսյանը ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։ Անցած դեկտեմբերին նա ազատ արձակվեց, ապա՝ փետրվարի 9-ին կրկին կալանավորվեց։

Սարգսյանը հացադուլի միջոցով պահանջում է ազատ արձակել իրեն՝ պնդելով, որ մի շարք լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։

XS
SM
MD
LG