Մատչելիության հղումներ

ՀԴԲ-ն արդարադատության նախարարությունից խնդրում է հստակություն մտցնել իրեն գաղտնալսելու մասին՝ Թրամփի մեղադրանքների հարցում


Դոնալդ Թրամփը գաղտնալսումների մասին մի քանի գրառում էր կատարել «Թվիթեր»-ի իր էջում, որոնցից մեկում գրել էր՝ «որքան ցածր է իջել նախագահ Օբաման՝ գաղտնալսելով իմ հեռախոսազրույցները նախընտրական շրջանում»:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն դիմել է արդարադատության նախարարությանը, խնդրելով հստակություն մտցնել նախագահ Թրամփի հնչեցրած մեղադրանքների հարցում: Թրամփն օրերս հայտարարել է, թե նախագահական քարոզարշավի շրջանում իր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են:

Մարտի 5-ին «Նյու Յորք Թայմզ»-ը գրել է, թե ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին ցանկանում է, որ երկրի արդարադատության նախարարությունը հերքի այդ մեղադրանքները, քանի որ կեղծ տպավորություն է ստեղծվում, թե Հետաքննությունենրի դաշնային բյուրոն խախտել է օրենքը: «Ասոշիեյթեդ փրես»-ը ևս, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հաղորդել է, թե Ջեյմս Քոմին հայց է ներկայացրել արդարադատության նախարարությանը՝ պաշտոնական քննություն սկսելու հորդորով:

Արդարադատության նախարարությունը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, այդ գերատեսչության մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններից, ՀԴԲ-ն նույնպես որևէ կերպ չի մեկնաբանել այդ ամենը: Մարտի 5-ին Սպիտակ տունը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը դիմել է Կոնգրեսին՝ ուսումնասիրելու, թե արդյո՞ք Բարաք Օբամայի վարչակազմը 2016-ի նախընտրական քարոզարշավում չի չարաշահել «հետքննական լիազորությունները»: Սպիտակ տան հայտարարությունը հաջորդեց նախագահ Թրամփի այն մեղադրանքերին, թե նախկին նախագահ Բարաք Օբամայի հրահանգով իր հեռախոսազրույցները գաղտնալսվել են:

Մարտի մարտի 4-ին Դոնալդ Թրամփը գաղտնալսումների մասին մի քանի գրառում էր կատարել «Թվիթեր»-ի իր էջում, որոնցից մեկում գրել էր՝ «որքան ցածր է իջել նախագահ Օբաման՝ գաղտնալսելով իմ հեռախոսազրույցները նախընտրական շրջանում: Սա Նիքսոն / Ուոթերգեյթից վատ է, տղաներ»: Օբամայի խոսնակը հերքել է այդ մեղադրանքները, դրանք «պարզ կեղծիք» որակելով:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության նախկին տնօրեն Ջեյմս Քլափերը ևս պնդել է, որ նախընտրական շրջանում Թրամփի քարոզարշավը չի գաղտնալսվել: Մարտի 5-ին NBC-ի հետ հարցազրույցում Քլափերն ասել է՝ «Որևէ գաղտնալսում չի կատարվել․ նախագահի, ընտրված նախագահի, կամ նախագահի թեկնածուի, կամ նրա քարոզարշավի դեմ»: Նա նշել է, թե որպես հետախուզության ծառայության տնօրեն, ինքը կիմանար գաղտնալսումների հարցով դատարանի ընդունած որոշման մասին: «Ես կարող եմ դա ամբողջությամբ հերքել»,- NBC-ին ասել է Քլափերը, միաժամանակ նշելով, թե չի կարող խոսել կառավարությունում լիազորություններ ունեցող այլ մարդկանց կամ պետական ու տեղական այլ կազմակերպությունների անունից:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը «շատ մտահոգիչ» է համարել 2016-ի ընտրությունների նախաշեմին «պոտենցիալ քաղաքական բնույթ կրող հետաքննությունները»: «Ռուսաստանի հետ շփումներն ուսումնասիրող՝ Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովին նախագահ Դոնալդ Թրամփը հորդորում է լիակատար կերպով օգտագործել լիազորությունները՝ պարզելու, թե արդյո՞ք 2016-ին հետաքննական գործադիր մարմինները չեն չարաշահել իրենց լիազորությունները»,- ասել է Շոն Սփայսերը, հավելելով, որ մինչ այդ ուսումնասիրության ավարտը ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ նախագահը մեկնաբանություններով հանդես չեն գա:

Սպիտակ տան նախկին խոսնակ Ջոշ Ըրնեսթն ասել է, որ նախագահներն իրավունք չունեն՝ կարգադրել գաղտնալսել ԱՄՆ-ի քաղաքացիներին :«Դա կատարելու համար ՀԴԲ-ն ու արդարադատության նախարարությունը պետք է ունենան Դաշնային դատարանի թույլտվությունը»,- նշել է նա:

Օբամայի վարչակազմի օրոք հետախուզական ծառայությունների ղեկավարներից իր պաշտոնին է մնացել միայն ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին: Նախընտրական շրջանում Դեմոկրատական ճամբարի ներկայացուցիչները նրան մեղադրում էին թեկնածու Հիլարի Քլիթոնի անձնական էլեկտրոնային նամակագրության գործը 2 անգամ վերաբացելու մեջ, պնդելով, որ այդպիսով նախագահական քարոզարշավում վնաս է հասցվել դեմոկրատների թեկնածուի վարկանիշին:

ՀԴԲ-ն ենթարկվում է արդարադատության նախարարությանը: Այժմ ՀԴԲ-ի տնօրենը ցանկանում է վիճարկել գաղտնալսումների վերաբերյալ նախագահ Թրամփի պնդումները և այդ նպատակով դիմել է արդարադատության նախարարությանը: Արդարադատության նախարարը գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզն է: Վերջինիս դեմոկրատները մեղադրում են նախընտրական շրջանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներ ունենալու մեջ, որի մասին նա չէր տեղեկացրել Կոնգրեսին իր նշանակման առիթով կազմակերպված լսումների ժամանակ: Օրերս Ջեֆ Սեշընզը հետաքննական խմբից ինքնաբացարկ էր հայտնել՝ դուրս գալով Ռուսաստանի հետ շփումները ուսումնասիրող այդ խմբի կազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG