Մատչելիության հղումներ

ՀՀԿ Արտաշատի շտաբի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներն ազատ են արձակվել


ՀՀԿ նախընտրական շտաբը Արտաշատում

Արտաշատում Հանրապետականի նախընտրական շտաբի առջև զենքի կիրառմամբ ծեծկռտուքից երկու օր անց Ոստիկանությունն այդպես էլ քրեական գործ չի հարուցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» հրաժարվեցին ներկայացնել բերման ենթարկվածներին ազատ արձակելու հիմքերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը միայն փոխանցեց՝ «Նշանակվել են փորձաքննություններ, հետաքննություն է կատարվում»:

Ծեծկռտուքի կողմերից մեկը իշխող Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանի վարորդի որդին է: Ու չնայած լրատվամիջոցները գրեցին, որ ծեծկռտուքի մյուս կողմը Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային մեկ այլ թեկնածու՝ Արայիկ Գրիգորյանի մերձավորներն էին, սակայն, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շաբաթ օրը հավաստիացրեց, որ տեղի ունեցածը «աղջկա թեմա է» և «ընտրությունների հետ որևէ կապ չունի»:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետական կուսակցության թեկնածուների անուններն առաջին անգամը չէ, որ արծարծվում են տարբեր ծեծկռտուքների համատեքստում: Մոտ 10 օր առաջ, ըստ մամուլի հրապարակումների, Մասիս քաղաքում բախում էր տեղի ունեցել ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուների՝ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև:

Օրեր անց՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխող Հանրապետականի կողմից տարածքային թեկնածու առաջադրված Բազմասեր Առաքելյանը Փարպի գյուղի իր տանը մի քանի տասնյակ կողմնակիցների հետ դաժան ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին՝ միայն այն բանի համար, որ նա ոչ թե իրեն, այլ Դաշնակցությանն է մտադիր ձայն տալ:

Մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասել էր, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է և «այս ամենը հրահրում են մարզի հանրապետականները», նպատակ ունենալով «ընտրությունները վերածել սոդոմ գոմորի»:

Հատկանշական է, որ վերոհիշյալ միջադեպը հաջորդեց փետրվարի 25-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությանը, որի ժամանակ, ըստ պատգամավոր Սեյրան Սարոյանի, Հանրապետականի առաջնորդը ՀՀԿ ռեյտինգային բոլոր թեկնածուներին հանձնարարել էր «կռիվ-դավի չանել»։

Արմեն Ամիրյան․ «Սա անկրթության հետևանք է»

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ իշխող Հարապետականի անդամ է, բայց արդեն հասցրել է ընտրվել կուսակցության խորհրդի անդամ և զբաղեցնել ՀՀԿ նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը, նման միջադեպերը «անկրթության հետևանք» է համարում:

«Իհարկե դա մտահոգիչ է, այս ընտրությունները նրա համար են, որպեսզի ձևավորենք կիրթ հասարակություն, սա անկրթության հետևանք է: Կուսակցությունները ձևավորվում են մեր հանրաետության քաղաքացիներից, որևէ կուսակցությունում կան նման մարդիկ: Պետք է բացառել նման մարդկանց ներգրավումը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Ամիրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG