Մատչելիության հղումներ

Զորամասում պայթյունից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում


«Զորամասում պայթյունից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ զորամասերից մեկի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն։

Այդ աշխատանքները կատարող ժամկետային զինծառայողներ Նարեկ Գրիգորյանը, Պերճ Գաբրիելյանը և Էրիկ Սահակյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ։ Էրիկ Սահակյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, իսկ մյուս զինվորներին Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ» հոդվածով։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ այլ մանրամասներ հաղորդել չեն կարող։ Դիտարկմանը, թե քննադատություն կա նախարարության հասցեին այն մասին, որ առողջ զորակոչված զինվորները ինչ-որ անձանց անփութության պատճառով վնասվածքներ են ստացել, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Կա քննչական գործընթաց, բացի քննչական գործընթացից՝ ընդհանուր առմամբ վերջին շրջանում սահմանին որոշակի ավելի լարված էր, հետևաբար հիմա մեկնաբանել տեղին չեմ համարում»:

Բանակի խնդիրներն ուսումնասիրող իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նման դեպքերը զինված ուժերում հազվադեպ չեն, դրանք, սովորաբար, տեղի են ունենում կա՛մ հրամանատարական կազմի անփութության, կա՛մ էլ նույն այդ հրամանատարական կազմի անգործության հետևանքով։

«Քանի որ եղած սուղ տեղեկատվությունը թույլ է տալիս ենթադրելու, որ զինվորները անմիջականորեն ներգրավված են եղել ինժեներական աշխատանքների մեջ, դա նշանակում է, որ հավանաբար այդ տարածքի ականազերծման կամ անվտանգության ապահովման աշխատանքներ չեն արվել: Դա այն տարածքն է, որտեղ ժամանակին ականապատում էին, որպես ամենաէժան և ամենամատչելի պաշտպանության միջոցներից մեկը», - նշեց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG