Մատչելիության հղումներ

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը նոր ռեկորդ է սահմանել՝ նվագելով 33 ժամ 2 րոպե անընդմեջ


Մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Նիկոլայ Մադոյանը փետրվարի 10-11-ն այստեղ՝ Հայաստանում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել՝ նվագելով համաշխարհային դասականների ավելի քան 60 ստեղծագործություն անընդմեջ 33 ժամ 2 րոպեի ընթացքում ՝ ամեն ժամը մեկ 5 րոպեանոց դադարներով միայն: Այս ռեկորդը կարող է գրանցվել նաև Գինեսի գրքում, համապատասխան հայտարարագիրն ուղարկված է և ջութակահարը պատասխանի է սպասում: Իսկ մինչ այդ այն արդեն իսկ գրանցվել է հայկական Դյուցազնագրքում, որի հեղինակի՝ Վարդան Թովմասյանի խոսքով Գինեսի գրքում տեղ գտնելու՝ Նիկոլայ Մադոյանի առաջին փորձը չէ:

«Երեք տարի առաջ նա սահմանեց մի ունիկալ ռեկորդ, երբ նա 3 ժամ 25 րոպեում նվագեց Պագանինիի 6 կոնցերտները, որը համարվում աշխարհի ամենաբարդ գործերից մեկը, ամեն համերգին երկու գործից ավել չի նվագում ջութակահարը, իսկ Նիկոլայը 3 ժամ 25 րոպեում, առանց նոտաներին նայելու նվագեց», - պատմեց Թովմասյանը, նշելով, որ արդեն երկու տարի շարունակ Գինեսի գրքի ներկայացուցիչները ձգձգում են այդ ռեկորդի գրանցումը, շարունակ խոստանալով, որ այն շուտով կգրանցվի:

Այս ռեկորդին հաջորդել է մեկ այլ ուշագրավ ռեկորդային կատարում: - «Մեկ րոպե տևողությամբ անգլիացի ջութակահար Բեն Լին էլեկտրոնային ջութակով նվագել էր Ռիմսկի Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը: Նիկոլայի ջանքերով այդ ռեկորդը դարձրինք 54 վայրկյան», - պատմեց Դյուցազնագրքի հեղինակը:

Իսկ այսօրինակ ռեկորդ՝ 32 ժամ, սահմանել է հնդիկ ջութակահար Աթիտա Կրիշնան 2003 թվականին, և դրանից հետո միայն Նիկոլայ Մադոյանն է, որ մեկ ժամով գերազանցել է հնդիկ ջութակահարի ռեկորդը:

«Առաջնահերթ նպատակը զուտ պրոֆեսիոնալ նպատակն էր, ես ուզում էի հետազոտել, թե հնարավո՞ր է նույն դիրքի երկարատև նվագման պրոցեսի մեջ թուլացնել մկանները, և տարբեր մկանների խմբերը փոխարինել նոր մկանների խմբերով: Եվ դա մեծ օգուտ էր դա, որպես պրոֆեսիոնալ, երաժիշտ», - պատմեց Նիկոլայ Մադոյանը:

Նիկոլայ Մադոյանը շեշտում էր նաև, որ քնելու և ուտելու պահանջ այդ 33 ժամվա ընթացքում բացարձակապես չի ունեցել, թեև այդ ռեկորդային կատարումից հետո քնել է 10 ժամ:

Առաջիկայում նախատեսում է նաև համերգով հանդես գալ Երևանում, նոր ձայնագրություններ թողարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG