Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պաշտոնյա․ ԵՄ-Հայաստան փաստաթուղթը ընդունելի է՝ եթե համաձայնեցվի ԵԱՏՄ պահանջներին


Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Ազգային ժողովում այսօր ընդունեցին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Կրասնոդարի մարզի և Ղրիմի խորհրդարանների նախագահները:

Ողջունելով ռուսաստանցի իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շեշտեց Ռուսաստանի դերակատարության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքը չսկսված՝ օպերատորներին դուրս հրավիրեցին դահլիճից:

Վոլոդինին փորձեցինք հարց ուղղել Ազգային ժողովի բակում ծառ տնկելուց հետո․ արդյո՞ք հնարավոր է, որ Ռուսաստանն առաջիկայում ակտիվացնի ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդական ջանքերը: Պետդումայի նախագահն ասաց, որ արդեն բավական մանրամասն խոսել է այս թեմայով, և խորհուրդ տվեց վերցնել ձայնագրությունը ինֆորմացիոն գործակալությունից: Թե որ մեկից՝ չմանրամասնեց:

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ազատության» հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, պատասխանեց․ - «Ես ո՛չ գործադիր մարմնի ներկայացուցիչ եմ, ո՛չ էլ «Ռոսվոորուժենիայի»: Բայց հաստատ գիտեմ, որ մեր երկրի նախագահը այս հարցերին հսկայական նշանակություն է տալիս: Եվ այն, որ նա Պետերբուրգում հավաքել էր երկու երկրների ղեկավարներին և նրանց հետ բարեկամաբար զրուցել: Ռուսաստանի նախագահը դա չի անում պարզապես ընդհանուր բառերով սահմանափակվու համար»:

Հարցին, թե ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպմանը բարձրացվել է արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, հանդիպման մասնակից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե այդ հարցը մշտապես բարձրացնում են․ - «Եվ մենք միշտ շեշտում ենք, որ մեր դաշնակցային գործընկերությունը մեր համար շատ կարևոր է հատկապես ռազմատեխնիկական առումով: Եվ մենք իհարկե ցավով ենք ականատես լինում, որ նաև Ադրբեջանին վաճառված զենքը, լինի դա Ռուսաստանի Դաշնության կողմից, լինի դա մյուս երկրների կողմից, այնուամենայնիվ, դա խաղաղությանը նպաստող զենք չէ, դա իրավիճակը սրող զենք է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանի փոխանցմամբ, մինչդեռ, այս հանդիպման ժամանակ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը չի բարձրացվել, սակայն այլ կարևոր հարցեր են քննարկվել: Ըստ նրա, Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտին վերաբերող կարևոր միջպետական պայմանագրեր կան, որոնք պետք է հարգվեն․ - «Եվ այստեղ է, որ պետք է Ռուսաստանը իր ստանձնած պարտավորությունները պարզապես կատարի: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նույն ընդհանուր միասնական պաշտպանվածության և ընդհանուր տարածությունը պաշտպանական ունենալու հետ կապված խնդիրներ կան: Այսինքն, մենք կարող ենք և իրավունք ունենք ակնկալելու, որ իրենք ամբողջական ինֆորմացիան, որ կապված է մեր երկրի նկատմամբ որևէ անմիջական վտանգ, սպառնալիք առաջանալու հետ կապված, մեզ փոխանցվի»:

Ի դեպ ուշագրավ է, որ Ռուսաստանի պատվիրակության կազմում էր նաև Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: Հարցին, թե արդյոք Եվրամիության հետ ակնկալվող նոր համաձայնագրի ստորագրման նախաշեմին միջազգայնորեն չճանաչված Ղրիմի ներկայացուցիչի ընդունումը Հայաստանում խնդիրներ չի առաջացնի, Արտակ Զաքարյանը պատասխանեց․ - «Պատվիրակության կազմը որոշում են մեր գործընկերները: Մենք ընդունել ենք ոչ թե Ղրիմի պատվիրակությանը, մենք ընդունել ենք Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը: Մենք էլ կարող ենք մեր պատվիրակության կազմում ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին․․․ նաև ներգրավում ենք տարբեր ժամանակահատվածներում: Բայց դուք ինքներդ էլ լավ հասկանում եք, որ դա չի կոչվում պաշտոնական ներկայացվածություն»:

Իսկ ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանը պատրաստվում է համագործակցության մասին նոր փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով՝ եթե այս փաստաթուղթը համաձայնեցվի Եվրասիական միության պահանջներին, ապա նորմալ են վերաբերվում․ - «Միայն թե պետք է այդ նորմերը պահպանել, քանի որ տեսնում ենք թե ինչ է կատարվում, օրինակ, Մոլդովայում: Ես նոր եմ վերադարձել այնտեղից: Ցավոք, նրանք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո կորցրել են իրենց ՀՆԱ-ի մեկ երրորդը, և կորցրել են ողջ ռուսական շուկան, քանի որ չեն համաձայնեցրել: Իսկ ի՞նչ են ստացել փոխարենը․․․ բացի վիզաներից ոչ մի բան: Եվ վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ մարդիկ պատրաստ են հետդարձ կատարել․․․ Նույնն էլ Բուլղարիան է․ որևէ մեկին հիմա նրանց լոլիկն ու վարունգը պետք չեն: Եվրամիության հետ պետք է զգույշ լինել, նրանց համար իրենց շուկան է կարևոր, կապիտալիստներն այդպիսի բնույթ ունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG